Սեպտեմբեր 26, 2021 19:21 Asia/Tehran
  • Իրանում անհանգստացած են ՀՀ-ում ադրբեջանական ոստիկանության կողմից բեռնատարները կանգնեցնելու միջադեպի պատճառով. իրանցի վերլուծաբան

Իրանում անհանգստացած են Հայաստանում՝ Կապանի ճանապարհին, ադրբեջանական ոստիկանության կողմից իրանական բեռնատարները կանգնեցնելու և փաստաթղթերը ստուգելու միջադեպի պատճառով, բայց կարծում են, որ խնդիրը կլուծվի կողմերի միջև բանակցությունների արդյունքում։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Հարավային Կովկասի և Միջին Ասիայի հարցերով իրանցի փորձագետ Վալի Քալեջին։

 

«Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը ստեղծել են Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային միջանցք։ Իրանի համար այս ուղղությունն օգտագործելու ամենակարևոր ճանապարհներից մեկը Հայաստանով անցնողն է։ Մեզ համար կարևոր է նաև Ադրբեջանով Ռուսաստանին կապող ճանապարհը։ Այնպես որ՝ մենք հավատում ենք, որ իրերի, ապրանքների և մարդկանց անվտանգ տեղափոխումն այս ճանապարհներով պետք է երաշխավորված լինի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- ասված էր ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Վալի Քալեջիի խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ իր համար ցանկալի ձևով իրականացման համար։ Նրան, ըստ փորձագետի, պետք է Հայաստանով անցնող միջանցք դեպի Նախիջևան։

Իրանցի վերլուծաբանը քիչ հավանական համարեց, որ իր երկիրը կդադարեցնի Հայաստանով բեռների փոխադրումը, եթե ադրբեջանցիները շարունակեն կանգնեցնել բեռնատարները։ «Իհարկե, Իրանն էլ կփորձի Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել այս խնդիրը։ Բայց այստեղ հարցն այն է, որ պետք է հարթվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները»,- ասաց նա։

Վալի Քալեջին նաև հիշեցրեց՝ Իրանի նախագահը, հոգևոր առաջնորդը և այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ իրենց համար ամենակարևորն այն է, որ  բոլոր երկրների միջազգային սահմանները հարգվեն։

«Մենք հավատում ենք, որ միջազգային սահմանների փոփոխություն չի լինի։ Իսկ Կապանին հարող տարածքը Ղարաբաղից դուրս է, այն Հայաստանի մաս է։ Այստեղ իրավիճակը մեզ համար լրիվ այլ է, ի տարբերություն Ղարաբաղի։ Այստեղ միջազգային սահմանները ճանաչված են սա հայ-իրանական սահմանն է»,- ասաց նա։

Կարևորը, ըստ Վալի Քալեջիի, այն է, որ կյանքի կոչվեն տարածաշրջանային ծրագրերը։ «Մեզ պետք է, որ վերականգնվի Սովետական միության տարիներին գործող հայ-իրանական երկաթգիծը։ Դա կարող է օգնել մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը»,- ասաց նա։

Իրանցի փորձագետի խոսքով՝ նոյեմբերի համաձայնագրի իրականացման և հաղորդակցությունների ապաշրջափակման պարագայում Հայաստանը կարող է տարբեր նախագծերի մաս դառնալ, տնտեսական օգուտներ քաղել։ «Ցավոք, երեք տասնամյակ Հայաստանը մեկուսացված է եղել տարածաշրջանային ծրագրերից, իսկ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է միջազգային, տարածաշրջանային, էներգետիկ-տնտեսական նախագծերում Հայաստանի ներգրավվելու պատրաստակամության մասին»,- ասաց նա։

 

https://factor.am/416132.html© factor.am