Դեկտեմբեր 04, 2021 21:48 Asia/Tehran
  • Ներկայացւեց «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը

«Իրանի հայկական եկեղեցիները» խորագրով գիրքը այն բացառիկ եւ ամբողջական հրատարակությունն է, որը արդյունքն է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, Հայաստանի ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի, յուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության ազգային կոմիտեի անդամ, ճրտ. Շերլի Ավետյանի եւ նրա հետ համագործակցած խմբի բազմամյա տքնաջան աշխատանքի:

«Ալիք» հաստատության հովանավորությամբ գրքի ներկայացումը կատարվեց հինգշաբթի, դեկտեմբերի 2-ի երեկոյան՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանյան» սրահում:

Շնորհանդեսի կազմակերպիչ հանձնախմբի անունից Բեսի Հովհաննիսյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ «Հայության, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի պահպանող կարեւոր հենասուներից են ազգային արժեքները՝ մշակույթը, լեզուն եւ Առաքելական եկեղեցին:

Եւ բնական էր, որ մի քանի տարի առաջ, երբ Հայաստանում թիրախ դարձան Առաքելական եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Դաշնակցությունը առաջին ուժն էր, որ առանց տատանվելու թիկունք կանգնեց, եւ պաշտպանեց Հայոց եկեղեցուն եւ նրա սպասավորներին:

Իսկ «Իրանի հայկական եկեղեցիներիը» գրքի հեղինակ ճարտարապետ Շերլի Ավետյանը հայկական արժեքները մարմնավորող, մեր պատմա-մշակութային կոթողների, մասնավորապես՝ եկեղեցիների պահպանման գործի նվիրեալներից է»:

Ապա հրավիրեց «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Արամ Շահնազարյանին, ով ընդգծեց, որ գիրքը յուրահատուկ քարտեզագրում է՝ այն պատմա-մշակութային ընթացքի, որ իրանահայությունը հազարամեակների ընթացքում անցել է հայկական եւ իրանական բարձրավանդակներում, սա յուրահատուկ քարտեզագրում է, սկսած 5-րդ դարից Ատրպատականի շրջանում կառուցված մինչ 1600 թվականներից հետո այն պատմա-մշակութային կոթողների, որոնք ստեղծվել են Իրանի ժամանակի հայահոծ տարբեր շրջաններում: Նա ապա անդրադարձավ ազգային պատմա-մշակութային եւ եկեղեցական կոթողների կարեւորությանը, որոնք պահպանում ու ներկայացնում են յուրահատուկ նկարագիր ու պատկեր եւ նշեց, որ պատմա-մշակութային կոթողների շնորհիվ է, որ պարզվում է ժողովրդի անցած պատմական ուղին: Նա նաեւ այս գիրքը համարեց ապացույց աշխարհին, թե իսլամական Իրանում, իշխանությունները ինչպիսի գուրգուրանքով են պահպանում հայկական պատմա-մշակութային կոթողները հակառակ Իրանի երկու հարեւանների, եւ գիրքը համարեց կարեւոր ժառանգությունը հայ ժողովրդի:

Շնորհանդեսին գրքի բովանդակության եւ երկարամեա աշխատանքի մասին խոսեց գրքի հեղինակ ճրտ. Շերլի Ավետյանը, ով գիրքը նվիրել է իր ծնողների հիշատակին: Նա սկզբում ակնարկ նետեց Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի աշխատանքներին, որի տնօրենն է 2000 թվականից ի վեր: Նա անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի մի շարք հայկական եկեղեցիների ու վանքերի գրանցման մասին եւ նշեց, որ երկարատեւ աշխատանքի արդյունքում պարզվեց, որ համայն Իրանում գոյություն ունի 457 հայկական եւ 157 ասորական եկեղեցիներ: Նա ընդգծեց, որ սերտ համագործակցություն է դրսեւորել Հայաստանում հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի հետ, որը հիմնադրվել էր ճրտ. հանգուցեալներ Արմեն Հախնազարյանի եւ հետագայում տնօրինվել է ճրտ. Սամուել Կարապետյանի միջոցով: Նա կարեւորությամբ անդրադարձավ  ճրտ. Վարուժան Առաքելյանի շատ կարեւոր եւ գնահատելի աշխատանքին ու նրա փոխանցած ցուցումներին:

Ճրտ. Շերլի Ավետյանը իր ելույթում համապարփակ գծերով անդրադարձավ Ս. Թադէոս Առաքեալի, Ս. Ստեփանոս Նախավկայի վերանորոգման աշխատանքներին, եւ կարեւորեց իրանահայ համայնքի երեք թեմերի հոգեւոր առաջնորդների անվերապահ աջակցություններին ու հովանավորություններին եւ կարեւորությամբ անդրադարձավ Իրանի զանազան տարածքներում գտնվող մեր պատմա-մշակութային կոթողները հաճախակի այցելելու անհրաժեշտությանը:

Վերջում եզրափակիչ խոսքի համար հրավիրվեց Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը եւ ընդգծեց, որ ամեն մի եկեղեցի իր պատմությունը ունի եւ համարվում է լուսավոր ջահ, որի ամենավառ օրինակներից է Ս. Թադէոս Առաքեալի վանքը, որը համապարփակ օգտագործման կենտրոն է եղել:

Սրբազան Հայրը անդրադառնալով գրքին, ընդգծեց, որ նման աշխատանքները մեզ մոտ առաջացնում եւ ամրապնդում են պատկանելիության եւ ինքնուրյունության զգացումը: Սրբազան Հայրը մեծապես գնահատելով աշխատանքը նշեց, որ նման աշխատությունները մեր կեանքի ու մեր ժողովրդի անցեալի ու պատմության հայելին են, եւ երբ մենք սնվենք մեր պատմությամբ այդ ժամանակ մենք մեզ ավելի ամուր ու ուժեղ կզգանք:

Տ. Սեպուհ արք. Սարգսյանը շեշտեց, որ Շերլի Ավետյանը իր անմնացորդ աշխատանքի բերումով գնահատվելու եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինումով պարգեւատրվելու է Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Միջոցառմանը ներկա  էին՝ Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամավորները, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության Ազգայի-կենտրոնական վարչության Քաղաքական ժողովի անդամ՝ Թովմաս Թովմասյանը, Թ. Հ. Թ. Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների, միությունների, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, եւ արվեստագետներ ու ճարտարապետներ:

 

 

 

Պիտակ