Ամիր Աբդոլլահյան. Արտաքին հարաբերությունների վերաբերյալ Իրանի և Ռուսաստանի ռազմավարական տեսակետը երկու երկրների նոր հարաբերությունների հիմքն է
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ արտաքին հարաբերությունների վերաբերյալ Իրանի և Ռուսաստանի ռազմավարական տեսակետը երկու երկրների նոր հարաբերությունների հիմքն է:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի Ռուսաստան այցի կարևոր ասպեկտներին՝ մերձեցման, առևտրատնտեսական համագործակցության և հավաքական անվտանգության ընդլայնման ոլորտում, ասել է. «Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանի անվտանգությունը տարածաշրջանի երկրների կողմից ապահովելն է»։
Աբդոլլահյանը նշել է. «Իրանը մշտապես կարևորել է բարիդրացիության, հարևանների հետ վստահության և երկխոսության ամրապնդումը և համոզված է, որ տևական անվտանգության հաստատումը հնարավոր է միայն համագործակցության, գործընկերության և խաղաղության միջոցով»:
Նշելով, որ Իրանը ներկայացրել է տարածաշրջանային երկխոսության ֆորումի և տարածաշրջանի երկրների հետ տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության ստեղծման գաղափարը, ԱԳ նախարարը հավելել է. «Իրանի նպատակը տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը պահպանելն է: Այս կապակցությամբ, Իրանը Ռուսաստանին ներկայացրել է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և արտաքին աջակցությամբ Պարսից ծոցում անվտանգության համակարգ ստեղծելու ծրագիր, որը տարբեր ժամանակներում քննարկվել է»: