Հունվար 26, 2022 08:38 Asia/Tehran

Իրանի նախագահն ասել է. «Եթե Արևմուտքը պատրաստ է չեղարկել Իրանի ժողովրդի դեմ ճնշող պատժամիջոցները, ցանկացած համաձայնություն հնարավոր է»:

Երեքշաբթի երեկոյան, ուղիղ եթերում հեռարձակված հարցազրույցում, Էբրահիմ Ռայիսին ասել է, որ արտասահմանյան այցերի և երկրների պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքը պետք է լինի երկրի շահերի ապահովումը և զարգացումը բոլոր ոլորտներում, իսկ առանց ձեռքբերումների ժպտալը ժողովրդի համար որևէ օգուտ չունի: Նա հավելել է. «Եթե բանակցությունների ​​մյուս կողմը պատրաստ է չեղարկել հակաիրանական  դաժան պատժամիջոցները, ապա հնարավոր կլինի համաձայնության գալ»:

Նշելով, որ իր  կառավարության աշխատանքի հիմքն աշխարհի երկրների հետ փոխգործակցությունն է, Ռայիսին հավելել է. «Մենք կհամագործակցենք բոլոր այն երկրների հետ, որ կցանկանան շփվել մեր հետ: Միևնույն ժամանակ, կդիմակայենք բոլոր այն երկրներին, որ կցանկանան դիմակայել մեզ»:

Ռայիսին հավելել է, որ Իրանի կառավարությունը միջազգային քաղաքականության մեջ հավասարակշռության հաստատման կողմնակից է և Իրանը կարող է առևտրատնտեսական հարաբերություններ հաստատել 15 հարևան երկրների հետ:

Անդրադառնալով Մոսկվա կատարած իր վերջին այցին, Ռայիսին ասել է. «Ֆինանսական և դրամավարկային հարցերում մենք համաձայն ենք ռուսների հետ, որ դոլարի գերակայությունը պետք է կոտրվի և առևտուրն իրականացվի ազգային արժույթով»:

Նշելով, որ Թեհրանի և Մոսկվայի միջև արտահանման մաքսատուրքերի վերացումը կարող է փոխել ապրանքների գները, Ռայիսին հավելել է. «Մաքսատուրքերի վերացման վերաբերյալ Ռուսաստանի դրական տեսակետը կարող է նպաստել հիմնական ապրանքների առևտրի զարգացմանը»:

ԻԻՀ նախագահը նշել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում հաստատված բոլոր նախագծերն ու ընդունված  որոշումները բխում են  Իրանի ժողովրդի շահերից և իրականացվել են տնտեսական զարգացման և հարևանության քաղաքականության խթանման ուղղությամբ։

 

Պիտակ