Մայիս 25, 2022 19:01 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ. Հեղափոխական մնալն ավելի կարևոր է, քան հեղափոխական լինելը

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն իսլամական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Հեղափոխական մնալն ավելի կարևոր է, քան հեղափոխական լինելը»։

Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, այսօր, իսլամական խորհրդարանի նախագահի և պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Խոռամշահրի ազատագրումը դառը հավասարումը քաղցր հավասարման փոխելու և ազգային փրկության իրագործման խորհրդանիշն է:

Անդրադառնալով այս հավասարման փոփոխմանը, գերագույն առաջնորդն ասել է.«Դժվար, բարդ ու դառը պայմաններից դուրս գալու և հաղթանակի ու հաջողության հասնելու օրենքը ջիհադական գործունեությունն է, վճռականությունը, նախաձեռնողականությունը, անձնազոհությունը, երկարաժամկետ տեսլականը և  ամենագլխավորը՝  ամենակարող Աստծուն ապավինելը»։

Նշելով, որ իսլամական խորհրդարանը երկրի կառավարման միմնասյուներից է, ԻԻՀ առաջնորդն ընդգծել է. «Անհրաժեշտ է ճիշտ  ճանաչել հնարավորությունները և խոցելի կետերը, քանի որ թշնամին իր հնարավորությունների վրա հույս դնելու փոխարեն, ուշադրությունը կենտրոնացրել է մեր սխալների վրա»:

Անդրադառնալով  Իրանի  աշխարհագրական ընդարձակ տարածքին, բնակչությանը, պատմությանն ու կլիմայական  բազմազանությանն,  ԻԻՀ մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Սիրելի Իրանի նման դիրք ունեցող երկրի կառավարումը շատ կարևոր է, և հաշվի առնելով աշխարհի ներկա առանձնահատուկ պայմանները, դա, բնականաբար, դժվար ու բարդ է»։

«Իհարկե պետք է ասել, որ ներկա աշխարհում կառավարումը դժվարացել է բոլոր երկրների համար»,-նշել է նա: 

Ներկայացնելով աշխարհում տիրող առանձնահատուկ պայմանների պատճառները, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Գերտերությունների թշնամական մրցակցություններն ու միջուկային տերությունների միմյանց դեմ ուղղված սպառնալիքները, ռազմական աճող տեղաշարժերն ու սպառնալիքները և աշխարհի ամենապատերազմական տարածաշրջաններից համարվող Եվրոպայի մոտ ընթացող պատերազմը,  մի հիվանդության աննախադեպ տարածումը և ողջ աշխարհում  պարենային սպառնալիքներն այն գործոններն են, որոնք աշխարհի ներկա պայմանները դարձրել են  առանձնահատուկ, և նման պայմաններում երկրների կառավարումը դարձել է ավելի բարդ ու ավելի ծանր»:

«Բացի բոլոր երկրներում ստեղծված պայմաններից, կրոնական ժողովրդավարության  մոդելի ներկայացման և գերիշխող համակարգի կարգավորող աղյուսակը խաթարելու պատճառով, Իրանը  տարբեր հարթություններում մշտապես  կանգնած է եղել համաշխարհային գերտերությունների  մարտահրավերի առջև»,- ասել է գերապատիվ առաջնորդը։

Նշելով, որ Իսլամական Հանրապետությունը դիմակայել է բոլոր  թշնամություններին և շարունակում է առաջադիմել ու հաջողություններ արձանագրել՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.«Պատգամավորները, կառավարությունը, դատական ​​իշխանությունը և մյուս մարմինները, բոլորը, պետք է  իմանան, թե կառավարման ինչպիսի մեծ համակարգում են ներգրավված և այդ դիրքին համապատասխան մեծացնեն իրենց հոգածությունը»: