Սեպտեմբեր 24, 2022 18:03 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումը կնպաստի ԱՄՆ պատժամիջոցների չեզոքացմանը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ Պեկինի և Մոսկվայի հետ Թեհրանի առավել սերտ հարաբերությունները կարող են նպաստել ԱՄՆ-ի բռնի պատժամիջոցների չեզոքացմանը:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում չինական CGTN հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում հավելել է. «Իրանի և տարածաշրջանի երկրների հարաբերությունները միանշանակ կարող են չեզոքացնել այս պատժամիջոցներից շատերը, որոնք այսօր կիրառվում են ԱՄՆ-ի կողմից»:

Ռայիսին հստակեցրել է. «Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հարաբերությունները, որոնք գտնվում են  պատժամիջոցների տակ, կարող են մեծապես նպաստել  ԱՄՆ-ի պատժամիջոցների չեզոքացմանը»: 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, նշելով, որ Իրանն առաջընթաց է գրանցել չնայած ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցներին, ասել է. «Չնայած մինչ այժմ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին, Իրանի Իսլամական Հանրապետությունում մեծ առաջընթաց է գրանցվել»։

Չինական CGTN հեռուստաալիքի կայքի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է նոր աշխարհակարգ ստեղծելու ցանկության մասին և ասել, որ ամբողջ աշխարհում մարդիկ լավ հուշեր չունեն անցյալի, գերիշխանության ու միակողմանիության դարաշրջանի և բազմաթիվ ազգերի իրավունքների ոտնահարման վերաբերյալ: 

Նշելով, որ նոր դարաշրջանը բազմակողմանիության դարաշրջան է Ռայիսին  հավելել է. «Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպության, ԵԱՏՄ-ի և Տնտեսական համագործակցության կազմակերպություն՝ ԷԿՕ-ի անդամների միջև համագործակցության ընդլայնմամբ նոր ուժեր կստեղծվեն, որը կհանգեցնի միակողմանիության վերացմանը»:

Պիտակ