Օգոստոս 05, 2020 10:07 Asia/Tehran
  • Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում

Օգոստոսի 4-ի երեկոյան  հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ- ը, պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Վնասվել են որոշ տներ և գրասենյակներ: Նախնական տվյալներով ՝ տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ալ Հադաթ հեռուստաալիքը չի բացառում, որ ծովային նավահանգստի տարածքին հրթիռային հարված է հասցվել:

Լիբանանում ՀՀ դեսպանությունը (Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ըստ նրա՝ հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։
«Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը»,-հայտնել է Աննա Նաղդալյանը:

ԱԳ նախարարի խոսնակը հայտնել է, որ հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է նաև Անթիլիասի կաթողիկոսարանը: Այս մասին հայտնում է Cilicia TV-ն:
«Այսօր յետ միջօրէին Պէյրութի նաւահանգիստի մէջ Just հսկայ պայթումին հետեւանքով Անթիլիասի Մայրավանքը եւս կրեց նիւթական մեծ վնասներ: Այսպէս, վնասուեցան Մայր Տաճարի դռները, ջահերը, պատուհանները, նոյնպէս՝ Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կեդրոններու, ինչպէս նաեւ ԿԻԼԻԿԻԱ թանգարանի»:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժեղ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78- ի: Հաղորդում է CNN-ը: Ըստ վերջին տվյալների ՝ ավելի քան չորս հազար մարդ է վիրավորվել: Մայրաքաղաքի հիվանդանոցները ծանրաբեռնված են: Լիբանանի առողջապահության նախարար Մոհամմադ Հասանը հրահանգել է վիրավորներին տեղափոխել Բեյրութի սահմաններից դուրս գտնվող հիվանդանոցներ:

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքի նավահանգստում՝
պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատի պատճառով: Նա առաջարկել է հանձնաժողով ստեղծել՝ միջադեպը քննելու համար, որը 48 ժամվա ընթացքում պետք է որոշի պայթյունի պատճառը և պարզի պատասխանատուներին:

Պայթուցիկ նյութերը եղել են աֆրիկյան երկրներից մեկի դրոշի տակ գտնվող նավի վրա, որը նավահանգստում է մնացել մեծ պարտքերի պատճառով: Լիբանանի Ազգային անվտանգության ծառայության կողմից  հինգ ամիս առաջ առաջարկ է եղել երկրի իշխանություններին ստեղծել հատուկ պայմաններ ամոնիումի նիտրատի պահպանման համար կամ անհրաժեշտության դեպքում վաճառել նյութը:
Լիբանանի մայրաքաղաքը հայտարարվել է աղետի գոտի: Այս որոշումն ընդունվել է երկրի Պաշտպանության գերագույն խորհրդի արտակարգ նիստում, որը վարել է հանրապետության նախագահ Միշել Աունը:  

«Ցնցված եմ Բեյրութում պայթյունի մասին նորություններից», Թվիթերի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ցավակցություն է հայտնել զոհերի համար և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: «Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին», – նշել է Փաշինյանը:

Պիտակ

Մեկնաբանություններ