Ապրիլ 14, 2021 20:13 Asia/Tehran
  • «Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի դիվանագիտական ակադեմիայի «Նոր հայացք Հարավային Կովկասում. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ միանգամայն անընդունելի և տարօրինակ է, որ Հայաստանը տարածքային պահանջներ է առաջ քաշում Թուրքիայի դեմ, գրում է minval.az-ը:

«Որքանով, որ ես եմ տեղյակ, Թուրքիայի կառավարությունը շատ կառուցողական է ծրագրում իր քայլերը: Սակայն, իհարկե, նրանք պետք է համարժեք պատասխան ստանան: Ի՞նչ պետք է անի առաջին հերթին Հայաստանը՝ հրաժարվի Թուրքիայի դեմ տարածքային պահանջներից, վերաշարադրի իր սահմանադրությունը: Նրանք պետք է ընդունեն նոր սահմանադրություն: Նրանք դա նախատեսում են անել, սակայն, կառավարության քաղաքական օրակարգի համար: Կառավարությունը ցանկանում է ամրապնդել իր քաղաքական դիրքերը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կարող եմ նրանց լավ խորհուրդ տալ: Թող նրանք իրենց սահմանադրությունից բացառեն Թուրքիային ուղղված տարածքային պահանջները»,- շեշտել է նա:

Բացի այդ, երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի շուրջ հաղորդակցությունների ապաշրջափակման առնչությամբ քննարկումներին:

«Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և նրա մասնակցության: Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան չի մասնակցում եռակողմ աշխատանքային խմբին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով, մենք նրան տեղեկացնում ենք քննարկումների մասին, և եթե Հայաստանը ցանկանում է վերջ տալ կոմունիկացիոն խնդիրներին և որոշակի հնարավորություններ ստանալ տարանցիկ երկիր դառնալու միջոցով, ապա միայն Թուրքիան կարող է նրան ապահովել դրանով»,-ընդգծել է Ալիևը ու հավելել՝ Թուրքիայի կառավարությունը պատրաստ է դրան:

«Այսպիսով, գնդակը Հայաստանի դաշտում է»,- ամփոփել է Ադրբեջանի ղեկավարը:

«Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության». Ալիևը Երևանին կոչ է արել փոխել սահմանադրությունը`հրաժարվելով Անկարայի նկատմամբ տարածքային պահանջներից:

168.am