Հունվար 26, 2022 18:06 Asia/Tehran
  • Բեյրութը, Դամասկոսը եւ Ամմանը համաձայնագիր են ստորագրել Սիրիայի տարածքով Լիբանանին էլեկտրաէներգիա մատակարարելու շուրջ

Լիբանանի, Սիրիայի եւ Հորդանանի էներգետիկայի նախարարությունները համաձայնագիր են ստորագրել Սիրիայի տարածքով Լիբանանին Հորդանանից էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել լրագրողների ներկայությամբ Բեյրութում գտնվող էներգետիկայի նախարարության շենքում։

«Մենք աշխատելու ենք մատակարարվող էներգիայի քանակն ավելացնելու ուղղությամբ։ Այն գինը, որով Հորդանանը կվաճառի էլեկտրաէներգիան, կախված կլինի Brent նավթի գնից»,- լրագրողներին ասել է Հորդանանի էներգետիկայի նախարար Սալեհ Խարաբշան։

Կնքված պայմանագրով նախատեսվում է կեսգիշերից մինչեւ առավոտյան վեցը մատակարարել 150 մեգավատտ էլեկտրաէներգիա, իսկ մնացած օրերին՝ 250 մեգավատտ։

Լիբանանի էներգետիկայի նախարար Վալիդ Ֆայադն ասել է, որ Հորդանանից ստացվող էլեկտրաէներգիան կավելացնի բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի ժամերի թիվը։ «Հորդանանի էլեկտրաէներգիան մեզ չորս ժամ ավելի շատ էլեկտրաէներգիա կտա: Եգիպտական ​​գազ ստանալու աշխատանքների ավարտից հետո մենք կկարողանանք օրական 10-12 ժամ էլեկտրաէներգիա ապահովել»,- ասել է Ֆայադը։

Ըստ Ֆայադի՝ 1 կիլովատտի գինը կձեւավորվի մի քանի գործոններից, սակայն իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի այն ընդունելի լինի բնակչության համար։

Սիրիայի էներգետիկայի նախարար Ղասսան Զամելը նշել է, որ Սիրիան միշտ աջակցել եւ աջակցում է արաբական երկրներին միավորող ցանկացած նախաձեռնության եւ ոչ միայն էներգետիկայի ոլորտում։ Խոսելով մասնավորապես Լիբանանի մասին՝ նախարարը նշել է Դամասկոսի պատրաստակամությունը՝ իր հնարավորությունների շրջանակում օգնություն ցուցաբերելու երկրի համար դժվարին ժամանակաշրջանում։

Կողմերը նշել են, որ համաձայնագրով էլեկտրաէներգիայի մատակարարումների մեկնարկը նախատեսվում է մոտավորապես երկու ամսից։

Ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին Լիբանանը գրեթե ութ ամիս չի կարողանում էլեկտրակայաններին վառելիքով ապահովել, ուստի ողջ երկիրը օրական մինչեւ 20-22 ժամ մնում է առանց էլեկտրականության։ Ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադառնում պետական ​​հիմնարկների, հիվանդանոցների եւ գործարանների աշխատանքի վրա, ինչը հրահրում է սոցիալական լարվածության աճ։

news.am

 

Պիտակ