Nov 12, 2019 18:43 Asia/Tehran
  • Չնայած Եվրոպան չի կատարել իր պարտավորությունները,  հաղորդագրություն է հրապարակել  Իրանի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում կատարվող քայլերի վերաբերյալ,կրկնելով իր պահանջները

Եվրամիությունը և Եվրոպական եռյակը (Գերմանիա, Ֆրանսիա և Բրիտանիա), որպես 4+1 խմբի անդամներ, ընդգծել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման անհրաժեշտությունը: Թեև նրանք չեն կարողացել հուսալի վկայական ներկայացնել այս ոլորտում իրենց գործունեության վերաբերյալ, այնուամենայնիվ Իրանին զգուշացնում են ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման կապակցությամբ:

Եվրոպական եռյակի (Գերմանիա, Ֆրանսիա և Բրիտանիա) ԱԳ նախարարները  և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 11-ին  համատեղ հաղորդագրություն հրապարակելով, մտահոգություն են հայտնել Ֆորդոյի միջուկային օբյեկտում ուրան հարստացնելու Իրանի քայլի կապակցությամբ: Նրանք հստակեցրել են, որ Ֆորդոյի օբյեկտում  Իրանի վերջին քայլը  ցույց է տալիս, որ այդ երկիրը հեռանում է միջուկային համաձայնագրից: «Մենք խստորեն մտահոգ ենք Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման աշխատանքները վերսկսվելու կապակցությամբ Իրանի վերջին հայտարարությունների համար: Իրանի քայլը հակասում է Ֆորդոյի կապակցությամբ ՀԳՀԾ-ում նշված կետերին». ասված է հաղորդագրության մեջ: 

Եվրոպացիներն այն դեպքում են մտահոգություն հայտնել,երբ նրանք չեն կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները: Չնայած եվրոպական եռյակը և Եվրամիությունը կարևորել են ՀԳՀԾ-ի անհերքելի դերակատարությունը միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման հարցում, սակայն արդյունավետ քայլեր չեն արել այդ համաձայնագրի պահպանման շրջանակում իրենց պարտավորությունները կատարելու ուղղությամբ: Եվրոպացիներն  ԱՄՆ-ից կախված լինելու պատճառով փաստորեն ցույց են տվել, որ չնայած նրանք ստեղծել են  INSTEX ֆինանսական մեխանիզմը, բայց  ի վիճակի չեն գործարկել այն: Եվրոպացիներն անտրամաբանական պահանջներ են ներկայացնում Թեհրանին: Նրանք բազմիցս ընդգծել են Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը:  Զարմանալի է այն փաստը, որ նրանք երբևէ իրենցից չեն հարցնում, թե  ինչու որևէ քայլ չեն արել ԱՄՆ-ի պատժամիջոցների բացասական ազդեցությունները նվազեցնելու ուղղությամբ, իսկ Իրանից պահանջում են, որ միակողմանիորեն կատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և հավատարիմ մնա դրանց: Իրանը Եվրոպայի խոստմնադրժության պատճառով մինչ այժմ չորս փուլով կրճատել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները: 

Եվրոպական եռյակը և Եվրամիությունն իրենց հաղորդագրության մեջ նշել են, որ Իրանը պետք է «ՀԳՀԾ-ին չհամապատասխանող» բոլոր քայլերը, այդ թվում ուրանի պաշարների ծավալը, ուրանի հարստացման թույլատրելի մակարդակը  և հետազոտության ու զարգացման հետ կապված գործունեությունը վերադարձնի իր նախկին վիճակին: Նրանք նաև կարևորել են բոլոր երկրների կողմից ՀԳՀԾ-ի արդյունավետ ու կատարյալ իրագործումը և միջուկային համաձայնագրի պահպանմանն ուղղված ջանքերի շարունակումը:

Որոշ վերլուծաբաններ այդ հաղորդագրությունը համարել են եվրոպացիների կողմից Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու կապակցությամբ զգուշացում: Այնուամենայնիվ, եվրոպացիները պետք է հիշեն, որ Իրանը 2018 թվականի մայիսին ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի  դուրս գալուց հետո, դիմակայել է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին և չի ընկրկել Վաշինգտոնի անօրինական պահանջների առաջ: Ուրեմն պատժամիջոցներով Իրանին սպառնալն արդյունավետ չի կարող լինել: Իսկ եթե եվրոպացիները ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն, թող  խոսելու փոխարեն գործեն և հավատարիմն մնան իրենց պարտավորություններին, որպեսզի Իրանը վերադառնա ՀԳՀԾ-ի լիակատար կատարմանը: Ինչպես ասել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Էսհաղ Ալ-ե Հաբիբը. «Իրանն այլևս չի պատրաստվում ՀԳՀԾ-ի պահպանման ամբողջ բեռը միայնակ իր ուսերին կրել»:

Պիտակ

Մեկնաբանություններ