Nov 14, 2019 07:20 Asia/Tehran
  • Ինչպես կանգնեցնել ԱՄՆ կործանարար քաղաքականությունը  Մերձավոր Արևելքում

Սիրիայի քրդերի դավաճանությունը, Վաշինգտոնի կողմից հրահրված Իրանի հետ առճակատման նոր փուլը, Եմենի <<Անսար Ալլահի>> և Արաբական թերակղզում ԱՄՆ բոլոր դաշնակիցների միջև անսպառ հակամարտությունը, Աֆղանստանից և Իրաքից այդպես էլ դուրս չբերված ամերիկյան զորակազմը. այս ամենը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքում արտաքին քաղաքական «նվաճումների» ամենևին ամբողջական ցուցակը չէ, այն դեպքում, երբ հենց Թրամփը՝ 2016 թ. նախագահական ընտրությունների նախաշեմին, իր վրա փորձում էր <<խաղաղության աղավնու>>

Ավելին՝ սաուդյան Էր Ռիադ կատարած իր առաջին արտերկրյա այցի շրջանակներում, Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ դերը մերձարևելյան խնդիրների լուծման գործում այսուհետ կլինի օժանդակ, իսկ տարածաշրջանի ապագայի համար ողջ պատասխանատվությունը պետք է կրեն հենց տարածաշրջանի պետությունները: Արդյունքում՝ հետագա տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքն ավելացել է 14 հազար զինվորականով, իսկ Եմենում ԱՄՆ անմիջական մասնակցության մասին օրենքի նախագծի նկատմամբ նախագահը կիրառել է իր վետոյի իրավունքը:

Միակ ասպեկտը, որտեղ դրսևորվել է ԱՄՆ <<նոր արտաքին քաղաքական վեկտորը>>, դա Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Սիրիական դեմոկրատական ուժերի քրդերի նկատմամբ դիրքորոշումն է, որոնց ԱՄՆ նախագահը պարզապես դավաճանել է՝ հանձնելով նրանց Թուրքիայի քմահաճույքին: Եվ եթե չլիներ նախագահ Բաշար Ասադի կառավարության, Ռուսաստանի և Իրանի ակտիվ դիմադրությունը, թուրքերն անշուշտ կօգտագործեին այդ հնարավորությունը: Այնուամենայնիվ, այն ամերիկյան զորքերը, որոնք դուրս էին բերվել Սիրիայի քրդաբնակ շրջաներից, այդպես էլ չեն վերադարձել տուն՝ Միացյալ Նահանգներ, այլ պարզապես անցել են իրաքյան սահմանը և մնացել տարածաշրջանում: Դրան զուգահեռ ևս 2000 ամերիկյան զինվոր, ի հեճուկս Թրամփի խաղաղասեր հայտարարությունների, տեղակայվել է Սաուդյան Արաբիայում՝ հարուստ մի պետությունում, որն ունի սեփական բավական ուժեղ զինված ուժեր, և հայտնի է իր տարածքում ԱՄՆ կողմից այդքան սիրված մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումներով:

Ինչպես հայտարարել է այդ առումով հայտնի ամերիկացի լրագրող Դանիել Լարիսոնը, անգամ եթե սաուդցիներն ամբողջությամբ վճարել են ԱՄՆ այդ ակտիվության դիմաց, այն ինքնին համազոր է Միացյալ Նահանգների զինված ուժերի մի մասի՝ Սաուդյան Արաբիայի վարձկան ուժերին հավասարեցմանը, ինչը պետք է անընդունելի լինի ամերիկացիների համար: Բացի դրանից, Վաշինգտոնը շարունակում է հարյուրավոր միլիարդ դոլարի չափով զենք վաճառել սաուդյան ռեժիմին, որը վարում է մեկ և սպառնում է սկսել երկրորդ պատերազմը (Իրանի հետ):

Այս ամենից կարելի է անել տրամաբանական եզրակացություն այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ի օգուտ սեփական, հաճախ կարճաժամկետ շահերի ոչ միայն չի դադարեցնում մշտական ինտերվենցիաները Մերձավոր Արելքում, այլև կանգ չի առնում միջազգային հանրությանը բացահայտ խաբելու և իր իսկ դաշնակիցներին դավաճանելու առաջ:

Իհարկե, ԱՄՆ նմանատիպ ապակառուցողական դերը տարածաշրջանում ձևավորվել է Թրամփի նախագահությունից շատ ավելի վաղ շրջանում: ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ցուցադրում է պատմական իրավահաջորդության և երկրաժամկետ ռազմավարական պլանավորման (երբեմն տասնամյակներ առաջ) նկատմամբ խիստ հավատարմության տենդենս, ուստի ներկայումս տարածաշրջանի իրադարձությունները ոչ այլ ինչ են, քան այդ արյունալի ու անմարդկային այսբերգի գագաթը:

Ի դեպ, պետք է հականալ, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականությունը միտված է իր նպատակներին հասնելու մեթոդների ու միջոցների խստացմանը: Ընդհանրապես այն կարելի է բաժանել երեք փուլի. եթե 1945-1971 թթ ԱՄՆ տարածաշրջանում գործում էր համեմատաբար մեղմ՝ ձգտելով դուրս մղել այստեղից Մեծ Բրիտանիային, ապա հետագայում՝ 1971-1979 թթ, Վաշինգտոնը ձեռնամուխ եղավ տարածաշրջանում անվտանգության սեփական համակարգի ստղծմանը՝ հիմնվելով հավատարիմ և տարածաշրջանային չափանիշներով համեմատաբար հզոր դաշնակիցների վրա՝ Թուրքիա, արաբական միապետություններ ու շահական Իրան: Այս կառույցը քանդվեց Իրանում Իսլամական հեղափոխության, խորհրդային ուժերի Աֆղանստան մուտք գործելու, ինչպես նաև Եմենում քաղաքացիական պատերազմի հետևանքով, ինչից հետո ԱՄՆ-ը անցավ բացահայտ ագրեսիայի քաղաքականության:

Նախ ԱՄՆ-ը ամբողջությամբ զինեց Սադդամ Հուսեյնի ռեժիմը Իրանի դեմ պատերզմի տարիներին, ապա չխուսափեց Իսլամական Հանրապետության դեմ անմիջական ագրեսիայի դրսևորումից՝ մասնավորապես, խորտակելով ԻԻՀ մի քանի նավ և Պարսից ծոցում կործանելով իրանական ուղևորատար ինքնաթիռը: Սակայն, արդեն շուտով, բարեկամ ու դաշնակից Սադդամը կորցրեց հետաքրքրությունն Վաշինգտոնի համար, և Քուվեյթը պաշտպանելու քողի ներքո, իրաքյան դիկտատորի դեմ իրականացվեց <<Փոթորիկ անապատում>> ռազմական օպերացիան՝ թափելով Իրաքի վրա ամերիկյան զորքերի և նրանց տարածաշրջանային դաշնակիցների ողջ հզորությունը:

2001 թվականին ԱՄՆ-ը ներխուժեց Աֆղանստան, իսկ 2003-ին՝ Իրաք՝ ոչնչացնելով այնտեղ տիրող ռեժիմները (հարկ է նշել ոչ այնքան անմեղ, սակայն քիչ թե շատ երկու հանրապետոթյուններում կայունություն ապահովող), և երկու պետությունները նետելով քաոսի, բոլորը բոլորի դեմ պատերազմի ու երկարատև տնտեսական փլուզման անունդը: Եվ եթե նավթով հարուստ Իրաքը կարողացել է մի քանի տարի առաջ վերականգնվել (թեև ամերիկյան զորքեր մինչև այսօր մնում են նրա տարածքում, իսկ ահաբեկչությունները շարունակվում են), ապա աֆղանական իշխանությունները դեռևս չեն վերահսկում սեփական պետության տարածքի մեծ մասը:

Սակայն անմիջական պատերազմները, հատկապես ԱՄՆ տարածքից այդքան մեծ հեռավորության վրա, ինպես նաև մեծաթիվ զորակազմի ապահովումը օվկիանոսից այն կողմ, չափազանց ծախսատար գործ է, անգամ ԱՄՆ-ի նման խոշոր տնտեսության համար: Հենց այդ հանգամանքն է կանխորոշել Բարաք Օբամայի երկու նախագահական արշավների հաջողությունը, որոնց ընթացքում նա խոստացել է ձեռնպահ մնալ ագրեսիվ արտաքին քաղաքականությունից և առաջինը <<որոշել է>> վերադարձնել Իրաքում և Աֆղանստանում իրենց ծառայությունն իրականացնող ամերիկացի զինվորներին հայրենիք: Խոստումները սուտ են եղել. տեղի է ունեցել միայն զորակազմի կրճատում երկու պետություններում, իսկ անմիջական ռազմական միջամտությունը այլ երկրեր փոխարինվել է անուղղակի միջամտությամբ: Այսպես ծագել է <<արաբական գարնան>> ֆենոմենը, որն իսկական աղետ է դարձել Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Եմենի և այլ երկրների ժողովուրդների համար: Հենց <<արաբական գարունն>> է ծնել <<Իսլամական պետությունը>՚> (ԻԼԻՊ) և վերածնել Ալ-Ղաիդան, որն անցել է յուրահատուկ վերաբրենդավորում ու դարձել <<Ջաբհաթ ան-Նուսրա>>՝ ներկայումս <<Հայաթ թահրիր աշ-շամ>>:

Հատկանշական է, որ քանի դեռ անբարեհաճո քաղաքական ռեժիմների տապալման գործում անուղղակի մասնակցությունը տալիս էր իր բերքը, տվյալ մեթոդը բավարարում էր ԱՄՆ-ին, սակայն հենց որ նրանք բախվեցին այս առումով անառիկ սիրիական բերդին, որտեղ Բաշար Ասադի կառավարությունը պահպանեց իր իշխանությունը, նրանք առանց տարակուսանքի կրկին անցան ուղղակի ռազմական ագրեսիայի: Հարկ է հիշեցնել, որ բացի Սիրիայի տարածքում ծայրահեղ իսլամիստների աջակցությունից (ինչպես ուղղակի՝ Թուրքիայի տարածքով, այնպես էլ անուղղակի՝ Սաուդյան Արաբիայի և Քաթարի հետ սերտ կապերի միջոցով), Միացյալ Նահանգները մի քանի անգամ հրթիռային հարձակում են իրականացրել արաբական հանրապետության դեմ, իսկ հետո առանց սիրիական կառավարության հետ համաձայնեցնելու, զորակազմ մտցրել ՍԱՀ հյուսիս-արևելք: Այս ամենը ոչ միայն հակասում է Օբամայի խոստումներիին, այլև անդիսանում է ուղղակի ռազմական ագրեսիա ինքնիշխան պետության նկատմամբ, որը մինչ այժմ չի դատապարտվել միջազգային մակարդակով և, իհարկե, չի պատժվել:

Դժբախտաբար, 1991 թվականից հետո, երբ անկում ապրեց այլընտրանքային ուժի բևեռը՝ ի դեմս ԽՍՀՄ, ԱՄՆ-ից անմիջապես կախված միջազգային հարաբերությունների ողջ համակարգը կազմվեց այնպես, որ ուրիշ պետություններին չի կարելի անցկացնել անկախության մասին հանրաքվեներ (ինչպես դա տեղի է ունեցել Արցախում, Հյուսիսային Օսեթիայում, Աբխազիայում, Մերձդնեստրում, Կատալոնիայում կամ Ղրիմում), իրենց կազմի մեջ ընդգրկել այդպիսի ցանկություն հայտնած միջազգային հարաբերությունների սուբյեկտներ (Հայաստանը՝ Արցախը, Ռուսաստանը՝ Ղրիմը), ապահովել սեփական տարածքների անվտանգությունը, իսկ ԱՄՆ ու նրանց դաշնակիցներին (Կոսովո, Թուրքիա և այլն) կարելի է ամեն ինչ:

Սակայն աշխարհաքաղաքական ու տնտեսական իրողությունները փոխվում են: ԱՄՆ-ին կրկին սկսել են անհանգստացնել հեռավոր երկրներում ռազմական միջոցառումների ծախսերը, անհետևանք չի մնացել Իրանի հետ միջուկային պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, իսկ հավատարիմ սիրիական քրդերը չէին ու չեն կարող փոխհատուցել այդ ծախսերը: Հետևությունը պարզ էր ու համառոտ՝ չես կարող վճարել, զոհվի՛ր: Նախագահ Թրամփը միանգամից հիշել է, որ իր պետությունը ոչ մի պարտականություն չունի քրդերի առաջ: Պետք է ենթադրել, որ Ժողովրդական ուժերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ասվում էր հակառակը, այլ դեպքում դժվար է պատկերանել քրդական ինքնավարության ստեղծումը Սիրիայի հյուսիս-արևելքում: Կարևոր հանգամանք է հանդիսանում նաև ԱՄՆ նախագահի ձգտումը՝ պահպանել տարաշրջանի առանցքային դաշնակցին՝ Թուրքիային, որը սկսել է ինքնուրույնություն դրսևորել՝ դժվարացնելով ամերիկացիների գործունեությունը: Դրա հետ մեկտեղ, Անկարան մնում է ՆԱՏՕ-ի անդամ և ամերիկյան զենքի գնորդ: Ամենայն հավանականությամբ, թուրքական հավակնությունների և ամերիկյան պահանջների միջև հակասությունները դեռ կարտահայտվեն, գուցե էլ ավելի լուրջ հակամարտության տեսքով, քան սիրիականը, սակայն ներկա դրությամբ կողմերը պատրստ չեն նման բախման:

Միաժամանակ Սաուդյան Արաբիան՝ անբարտավան ու պահանջկոտ ագրեսոր,

շարունակում է ամերիկյան զենք գնել 110-120 միլիարդ դոլարի չափով (հաշվի չառնելով հարակից ծախերը, որոնք գրեթե կրկրնապատկում են այդ գումարը): Այս առումով հատկանշական է Եմենի հուսիների հրթիռային ու դրոներով հարձակումը թագավորության նավթամշակման գործարանի վրա: Անօդաչու թռչող սաքերը կարողացել են հեշտությամբ խուսափել Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերը և ոչնչացնել թիրախը: Արդյունքում ԱՄՆ բանակի բարձրաստիճան սպաները ստիպված էին արդարանալ միջազգային հանրության առաջ (իսկ իրականում թագավորության առաջ)` բախվելով հերթական շահութաբեր պայմանագիրը կորցնելու ռիսկին:

Ինչպիսի՞ եզրակացություններ կարելի է անել ստեղծված իրավիճակից.

-Նախ՝ ակնհայտ է, որ ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում իր ողջ պատմության ընթացքում կործանարար է և տարածաշրջանի ժողովուրդներին բերում է միայն զինված հակամարտություններ (Իրաք, Սիրիա, Աֆղանստան), հումանիտար աղետներ (Իրաք, Եմեն), տնտեսական խնդիրներ (Իրան, Սիրիա):

-երկրորդը՝ այս կարգը չի ստեղծվել Թրամփի օրոք, և անգամ ոչ նրան նախորդող նախագահի: Դա Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված ԱՄՆ արտաքին քաղաքականության ընդհանուր վեկտորն է:

-երրորդը՝ այսպիսի քաղաքականության հիմնական նպատակն է ԱՄՆ գերակայությունը տարածաշրջանում բոլոր բնագավառներում՝ տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական: Դառնալ ԱՄՆ դաշնակից նշանակում է ընդունել այդ գերակայությունը, ինչպես դա արել են Պարսից ծոցի միապետությունները: Լինել ԱՄՆ դաշնակից և վարել սեփական քաղաքականությունը մետաֆիզիկական հակասություն է: Դրա վառ օրինակն է վերջին տարիների Թուրքիան:

-չորրորդը՝ ամերիկյան քաղաքական գործիչների հայտարարությունները զորքերի դուրս բերման, կամ տարածաշրջանային խաղացողների դերի բարձրացման մասին սուտ է կա՛մ ներքին օգտատերերի համար (ընտրությունների շեմին), կա՛մ նշված խաղացողներին մանիպուլյացիայի ենթարկելու ու կոնկրետ խնդիրների լուծման նպատակով:

-հինգերորդը՝ ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությունը չի սահմանաակվում կոպիտ ռազմական ուժով ու քաղաքական ճնշմամբ, այլ ունի բազում մեթոդներ: Այն ներառում է աշխատանք ընդդիմության հետ ու հեղափոխությունների կազմակերպում, պրոքսի պատերազմներ (ռազմական գործողություններ ուրիշի ձեռքերով), անհրաժեշտ պետությունների ներառումը ամբիցիոզ տնտեսական, քաղաքական ու ռազմական ծրագրերի մեջ: Սակայն տարածաշրջանի կյանքի բոլոր բնագավառներում Վաշինգտոնի տոտալ գերակայության նպատակը նշված մեթոդներից ոչ մեկը չի բացառում:

Այս բոլոր եզրակացությոնները հանգեցնում են ներկա դրությամբ տարաշրջանային քաղաքականության հիմնական նպատակի ձևավորմանը՝ դիմադրել ամերիկյան արտաքին քաղաքական հավակնություններին: Սակայն այդ խնդիրը չի կարեի լուծել առանց մի շարք հետևողական միջոցների ձեռնարկման, որոնցից են հետևյալները՝

  1. Վաշինգտոնի՝ տարածաշրջանում ունեցած նպատակների հստակ գիտակցումը ու գնահատումը,
  2. ԱՄՆ գերակայությունը չընդունող տարածաշրջանի պետություններից պրոամերիկյանին այլընտրանքային հակաիմպերալիստական բլոկի ստեղծումը: Ներկայումս նման բլոկի հենասյունը կարող են լինել Իրանը, Սիրիան, Լիբանանը, Եմենը, մասնակի Իրաքը: Այսպիսով իրականացվում է նախկինում բազմիցս հիշատակվող <<շիական կիսալուսնի>> հայեցակարգը, որը տվյալ պահին  առավել արդյունավետ աշխարհաքաղաքական նախագիծն է համապատասխան ուղղվածությամբ:
  3. Ակտիվ աշխատանք ԱՄՆ դաշնակից պետություւններում բարիդրացիորեն տրամադրված հասարակական զանգվածների հետ, մասնավորապես՝ Պարսից ծոցի երկրների շիական փոքրամասնության, Իսրայելի արաբական բնակչության հետ՝ նրանց համակրանքը շահելու ու այդ երկրների ներսում հակաամերիկյան դիսկուրսի ամրապնդման նպատակով:
  4. Դաշինք ու համագործակցություն նմանատիպ նպատակներ ունեցող հզոր արտատարածաշրջանային խաղացողների հետ: Այդպիսիքն են՝ Ռուսաստանն ու Չինաստանը: Առաջինը, շնորհիվ իր տարածքային մոտիկության ու ռազմական հզորության, առաջնահերթային է: Այնուամենայնիվ, Չինաստանի տնտեսական ներուժը նույնպես շատ կարևոր է ստեղծված իրավիճակում:
  5. Նշված բլոկի երկրների միջև ոչ միայն քաղաքական ու ռազմական, այլև տնտեսական ինտեգրման զարգացման ապահովում (այս համատեքստում առավել արդիական են ռուսական <<Հյուսիս-Հարավ>>, ինչպես նաև չինական <<Մեկ գոտի-մեկ ուղի>> նախագծերը:

Նման ծրագրի հաջողությունը և ամերիկյան հավակնությունների իրականացման կանխարգելումը ոչ միայն խաղաղություն, այլև տնտեսական բարգավաճում կբերի Մերձավոր Արևելքին, որը, չնայած իր յուրահատուկ հնարավորություններին ու հսկայական ռեսուրսներին, տասնամյակներ շարունակ վարում է իր խղճուկ գոյատևումը:

 

Հեղինակ՝ Անտոն Եվստրատով 

Պիտակ

Մեկնաբանություններ