Հունվար 25, 2020 18:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.01.2020

Շաբաթ օրը Իրանի մեծ թվով ԶԼՄ-ների գլխավոր խորագրերն անդրադարձել էին Իրաքում ԱՄՆ-ի զորայինների ներկայության դեմ Իրաքի ժողովրդի մեծ ցույցին:

«Քեյհան»

ԱՄՆ-ի դեմ Իրաքի բնազմամիլիոնանոց ընդվզումը. գնացեք, որ կենդանի մնաք

Իրաքում ԱՄՆ-ի Այն Ալ-Ասադ ռազմաբազայի դեմ իրականացված  հարձակումից հետո, երեկ ԱՄՆ-ը ստացավ երկրորդ ծանր ապտակը: Բաղդադը և Իրաքի այլ քաղաքներ Իրաքի պատմության մետ ամենաբազմամարդ ցույցի ականատես եղան և փորձագետները այն համեմատեցին Քարբելայում ու Նաջաֆում Արբաինի օրվա քայլարշավի ու Բրիտանիայի գաղութատիրության դեմ 1920թ. իրաքցիների ցույցերի հետ:

Երեկ Իրաքի իրական հեղափոխությունն ու Իրաքի բազմամիլիոնանոց ընդվզման օրն էր, այնպես որ սասանեց ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և տարածաշրջանում արևմուտքցի բոլոր օկուպանտների քայլերը, ինչից չափազանց մտահոգվեցին սիոնիստները:

Իրաքյան ու արտասահմանյան չեզոք լրատվամիջոցները հայտարարել են, որ միայն Բաղդադում 2.5 մլն մարդ է փողոց դուրս եկել, որոնք թուլացրել են տարածաշրջանում ԱՄՆ-ի քայերը: Այս աննախադեպ իրադարձությամբ, որ նաև մի հանրաքվե էր համարվում, ԱՄՆ-ի առջև փակեցին տարածաշրջանում մնալու բոլոր ճանապարհները:  

 

«Մարդոմսալարի»

Բայդեն.«Նախագահ ընտրվելու դեպքում, կվերադառնամ ՀԳՀԾ»

Foreign Policy պարբերականին տված հարցազրույցում, Բայդենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում, ինքն ԱՄՆ-ն կվերադարձնի ՀԳՀԾ:

Ուրբաթ օրը այս գրառման մեջ Բայդենը ներկայացրել է 2020թ. նախագահ ընտրվելու դեպքում իր կառավարության ընդհանուր քաղաքականությունները, նույնպես Իրանի, Չինաստանի ու բնակլիմայական փոփոխությունների նկատմամբ իր կառավարության քաղաքականությունը:

Շեշտելով որ դիվանագիտությունը լինելու է իր արտաքին քաղաքականության առաջին գերակայությունը, նա գրել է.«Միջուկային զենքի չտարածման ու անվտանգության հարցում ԱՄՆ-ն չի կարող թե դուրս գալ այն պայմանագրերից, որ ինքն է բանակցության կողմ է եղել և թե վստահելի երկիր լինել»:

 

«Խորասան»

Եվրոպան ժամանակավորապես նահանջել է «Ձգանի մեխանիզմից»

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտնել է, որ ՀԳՀԾ-ի Վեճերի լուծման մեխանիզմի ժամկետը երկարաձգվել է: Անցյալ շաբաթ Իրանի ԱԳ նախարարը եվրոպացիներին ուղղակիորեն նախազգուշացրել էր, որ Իրանի գործը ՄԱԿ-ի ԱԽ տանելու դեպքում Իրանի 51 տարի անց դուրս կգա միջուկային զենքի չտարածման պայմանագրից:

 

«Աֆթաբե Յազդ»

Նախապես պարտված Թրամփի նախագիծը

Իր ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է նախքան առաջիկա երեքշաբթի օրը Իսրայելի վարչապետի հետ կայանալիք հանդիպումը Պաղեստինի ու Իսրայելի միջև խաղաղության «Դարի գործարք» նախագծի քաղաքական բաժնի մասին գործարկման մասին:

Այս կապակցությամբ նա հայտարարել է.«Միջին Արևելքի համար Վաշինգտոնի խաղաղության նախագիծը մեծ նախագիծ է: Սկզբում հնարավոր է պաղեստինցիները բացասաբար արձագանքեն այս նախագծին, սակայն այս նախագիծը նրանց օգտին է և իսկապես այն կաշխատի»:

 

lragir.am

ՀՀ բնակչության մեկ տոկոսը ստանում է ՌԴ քաղաքացիություն. կարող է ստեղծվել մոխրագույն գոտի

Մեր զրուցակիցն է Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը

Պարոն Միքայելյան, 2019 թվականին 24 հազար ՀՀ քաղաքացի Ռուսաստանի անձնագիր է ստացել, 2018-ին այդ թիվը եղել է 27 հազար, իսկ 2017-ին՝ 25 հազար։ Հեղափոխությունից հետո հայտարարվում էր, որ ոչ թե արտագաղթ կլինի, այլ ներգաղթ։ Դուք ինչո՞վ եք պայմանավորում այս ամենը, խնդիրները որտե՞ղ եք տեսնում։

Այսօրվա դրությամբ Ռուսաստանում դեռ քաղաքացիություն ստանում են այն մարդիկ, որոնք ՌԴ-ում բնակվում են արդեն մի քանի տարի, դա կարող է լինել 6-7 տարի, 10 տարի։ Եթե չեմ սխալվում, 6 տարի հետո մարդիկ նոր կարող են դիմել քաղաքացիության համար։ Եթե «Հայրենակիցներ» ծրագրով են ներգաղթել, ապա ավելի քիչ է ժամկետը, բայց շատ քիչ չէ, էլ չեմ ասում, որ հայաստանցիներից շատերը, որ մեկնում են Ռուսաստան, նրանք սկզբում փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ունենում, հետո նոր ինչ-որ ժամանակից հետո դասավորում են ամեն ինչ։ Այսինքն՝ Հայաստանից Ռուսաստան արտագաղթի և ՌԴ-ում քաղաքացիություն ստանալու միջև կարող է անցնել մոտ 10 տարի։ Կարծում եմ՝ միջինում հենց այդքան է կամ գուցե մի փոքր ավելի քիչ։ Ելնելով նրանից, որ 2010-2011-ին Հայաստանից արտագաղթում էր տարեկան մոտ 40 հազար մարդ և նրանց մեծ մասը գնում էին հենց Ռուսաստան, իմ բացատրությունն այն է, որ նրանք հիմա քաղաքացիություն են ձեռք բերում։

 

Այս թվերին նայելով՝ ի՞նչ վտանգներ եք տեսնում՝ հաշվի առնելով, որ միտումը շարունակվում է, գրեթե նվազում չենք տեսնում։

ՀՀ քաղաքացիների որոշ մասը, մոտավորապես ՀՀ բնակչության մեկ տոկոսը, տարեկան ստանում է ՌԴ քաղաքացիություն։ Ընդ որում՝ նրանք կարող է ինչ-որ դեպքերում թաքցնեն, որ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, կամ հակառակը, ՌԴ-ում թաքցնեն, որ ՀՀ քաղաքացիություն ունեն։ Ամեն դեպքում կա վտանգ, որ կարող է ստեղծվել, այսպես ասած, մոխրագույն գոտի։ Ինչ վերաբերում է արտագաղթին, այստեղ խնդիրն այն է, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ապագայի տեսանկյունից մի քանի ասպեկտում կարևոր է, որ կայուն ժողովրդագրական պատկեր ունենանք։ Սոցիալական իրավիճակի պահպանություն, տնտեսական աճի ապահովում և կայունություն, նաև ժողովրդագրական կառուցվածքի խնդիր կա, որովհետև ոչ բոլորն են արտագաղթում, այլ հիմնականում միջին և միջինից երիտասարդ մարդիկ, ավելի շատ տղամարդիկ։ Այսինքն՝ նաև ամուսնական շուկայում շեղումներ ունենք։ Բացի դրանից, գիտեք, որ բանակն է ունենում խնդիրներ, նաև ծնելիության հետ կապված խնդիր կա, որովհետև շատերը, որ կարող էին երեխա ունենալ Հայաստանում, արտագաղթում են և երեխաներ ունենում արտերկրում, կամ ամուսնությունը հետաձգվում է մի քանի տարով, քանի որ նրանք նախ պետք է ինտեգրվեն նոր  հասարակության մեջ, ինչը կարող է մի քանի տարի տևել։

 

Արդյոք դա կանխարգելելու տարբերակներ քննարկվում են։ Խոսվում է հայրենադարձության մասին օրենքի մասին, ներգաղթ ապահովելու մասին, որքանո՞վ այս նախագծերը կարող են կենսունակ լինել։

Որոշ քայլեր նկատվում են, բայց այստեղ պետք է մի բան հասկանանք, որ ամեն չէ, որ կախված է իշխանությունից, որովհետև ամեն դեպքում, եթե մի երկրում ավելի շատ են տնտեսական հնարավորությունները, քան մյուսում, հավանականությունը, որ մարդիկ կարտագաղթեն այդ ուղղությամբ, բավականին մեծ է։ Ամեն դեպքում, վերջին երկու տարում մենք տեսնում ենք դրական միտումներ, այդ թվում՝ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից։ Բացի այդ, մենք տեսանք, որ սահմանահատումների սալդոն դրական է եղել 2018-ին։ Եթե դիտարկենք այն գործոնները, որոնք ազդում են միգրացիայի վրա և փորձենք մեկ կարևոր գործոնը առանձնացնենք, գործազրկությունն է և զբաղվածությունը։ Այսինքն՝ եթե կառավարությունը ցանկանում է արտագաղթը կանխարգելել, պետք է այդ ուղղությամբ շատ աշխատանք տանի։ Այստեղ մենք տեսնում ենք որոշակի առաջընթաց, բայց նույն ոլորտում մենք հետընթաց ենք ունենում։ Խոսքը գյուղատնտեսության մասին է, որը ուշադրության պակաս ունի և որոշակի կարիք ունի ավելի լավ մշակված քաղաքականության, ներդրումների, որովհետև շատ հաճախ համարվում է, որ գյուղատնտեսությունը քիչ եկամտաբեր է, բայց Հայաստանը գյուղատնտեսական շատ մեծ ներուժ ունի։ Քանի որ գյուղերում ապրում է մոտ մեկ մլն մարդ, հետևաբար, այս ոլորտով շատ լուրջ պետք է զբաղվել։

Բացի այդ, Հայաստանը պետք է զբաղվի մարդկանց ինտեգրմամբ, ընդ որում՝ ոչ միայն հայերի։ Անգամ հայերի պարագայում շատերը ծնված լինելով ոչ Հայաստանում, հնարավոր է անգամ լեզվին չտիրապետեն, ուստի ինտեգրման հարցին պետք է ուշադրություն դարձնել, այդ թվում՝ բիզնեսի տեսանկյունը հաշվի առնելով։ Նաև մի կարևոր հարց կա. մենք հիմա տեսնում ենք, որ ներգաղթի քաղաքականություն է ընթանում, բայց եթե մենք առանձնացնենք, թե որոնք կարող են լինել միգրացիայի աղբյուր, ապա կտեսնենք, որ հիմա ապակայունացվել է Մերձավոր Արևելքը և դա երկարատև է։ Մերձավոր Արևելքը մոտավորապես 45 տարի անկայուն է, բայց այդ անկայունությունը դեռ երկար կպահպանվի։ Մենք այդտեղ տեսնում ենք ամենախոցելի խմբերին՝ հայեր, եզդիներ և այլն։ Եվ մենք կարող ենք այս ուղղությամբ էլ աշխատել, որպեսզի հնարավորություն տանք ընդգրկվել միգրացիոն քաղաքականության մեջ և նրանց ապաստան կամ ուղղակի ներգաղթելու հնարավորություն տանք։ Եվ պետք է աշխատել մարդկանց  բիզնեսով զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունները բարձրացնել։ Կառավարությունը չի կարող բոլորի համար աշխատատեղեր ստեղծի, բայց կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցի, կարող է նախաձեռնողական քայլեր անի, քարտեզագրի ամբողջ բիզնես դաշտը և ուսումնասիրի, թե որտեղ կան հնարավորություններ բիզնեսներ բացելու։

 

armenpress.am

Գիտնականները վերականգնել են 3000-ամյա մումիայի ձայնը

Մեծ Բրիտանիայում գիտնականներին հաջողվել Է վերականգնել Նեսյամուն քրմի ձայնը, որը Եգիպտոսում մահացել Է շուրջ երեք հազար տարի առաջ: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակված են Scientific Reports հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մումիայի մոտ լավ պահպանվել են ձայնալարերը եւ կոկորդը: Համակարգչային շերտագրիչի միջոցով ինժեներները կազմել են հանգուցյալ քրմի խոսքի գործարանների եռաչափ մոդելը եւ այն տպել 3D-տպիչով:

Այն միացրել են արհեստական կոկորդի եւ բարձախոսի եւ ձայնագրել ստացված ձայնը. «ա»-ի եւ «Է»-ի միջեւ ինչ-որ միջին ձայն: Տեսագրության մեջ այդ ձայնը կարելի Է լսել 30-րդ վայրկյանին: Նեսյամունն ամենահայտնի եւ լավ պահպանված մումիաներից մեկն Է, որը գտնվում Է Մեծ Բրիտանիայի տարածքում (Լիդսի թանգարանում):

Քրմի աճյունով սարկոֆագը գտել են Եգիպտոսում Ամոն աստծու տաճարի պեղումների ժամանակ: Հոգեւորականն ապրել Է Ռամզես XI-ի ժամանակներում եւ մահացել մոտավորապես 50 տարեկան հասակում: Նրա սարկոֆագի վրա գրված Է խնդրանք աստվածներին՝ իրեն վերադարձնել խոսելու ձիրքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

hraparak.am

ԻՐԱՆԻ ԱԳՆ-Ն ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԵՄԱՏԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Իրանի ԱԳ նախարարությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում կիրառած մեթոդները համեմատել է ահաբեկչության հետ։ Այս մասին Reuters լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Աբաս Մուսավին։ Մինչ այդ, Իրանի հարցերում ամերիկյան հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել է, որ ամերիկյան կողմը կլիկվիդացնի նաեւ «Ղոդս» ստորաբաժանման նոր ղեկավարին էլ, եթե նա էլ սկսի ամերիկացի զինվորականների սպանել։ «Այն ինչ հայտարարել է Հուկը, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն նպատակային պետական ահաբեկչություն է իրականացնում»,- ի պատասխան ամերիկացի բանագնացի հայտարարության, ասել է Աբաս Մուսավին։

 

panorama.am

2019 թ-ին հայտնաբերվել են 3 մլն դոլարից ավելի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր

Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2019 թվականի ընթացքում  հայտնաբերվել է ավելի քան 1 մլրդ 500 մլն դրամի կամ 3 մլն դոլարից ավելի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ ներկայացնելով 2019-ի ընթացքում մաքսային իրավախախտումների դեպքերի վերաբերյալ ամփոփող տեղեկատվություն։

Նրա խոսքով՝ հայնաբերված թմրամիջոցները կապարակնքվում և ուղարկվում են քննչական վարչություն, որտեղ քրեական գործի ավարտից հետո ոչնչացվում են։

Նա նաև նշեց, որ վիճակագրության համաձայն, մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումների միջոցով ներմուծված դեղամիջոցներն են: Ըստ նրա՝ դրանց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակով դեղերի տեղափոխումը՝ նախատեսված տարբեր հիվանդություններով տառապող անձանց համար:

«Սակայն, ինչպես բազմիցս մենք նշել ենք, օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը, իսկ այդ դեղերի պարունակության մեջ հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցի առկայությունը հիմք է տալիս սկսելու քրեական վարույթ»,- ընդգծեց Վարդան Վարդանյանը։

Նման իրավիճակներից խուսափելու համար նա մեկ անգամ ևս հորդորեց քաղաքացիներին ձեռնպահ մնալ առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց և ստանալուց։

Վարդան Վարդանյանը հայտնեց, որ նախորդ տարի բացահայտվել է մաքսանենգության 56 դեպք, որոնցով վարչական վարույթ է սկսվել, սակայն քրգործ չի հարուցվել:

ՊԵԿ ներկայացուցիչը նշեց նաև, որ նշված ժամանակահատվածում մաքսային հսկողությունից թաքցման, չհայտարագրման և ոչ ճշգրիտ տեղեկությունների հայտարարագրման եղանակով հայտնաբերվել է Հայաստան ապօրինի ներմուծված 574 հատ բջջային հեռախոս, ավելի քան 5 կգ ոսկյա և արծաթյա զարդեր, շուրջ 60 կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոց: Բացի այդ, ըստ Վարդան Վարդանյանի, հայտնաբերվել է սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ:

 «Վարչական վարույթի ավարտից հետո քաղաքացիները կարողանում են իրենց ապրանքը ստանալ համապատասխան տույժ-տուգանքները վճարելուց հետո»,-ընդգծեց նա։

 

hraparak.am

ԻՍՐԱՅԵԼՆ ԱՅԼԵՒՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻ՞Ց ՉԷ

Օրերս ադրբեջանական մամուլում մի «հնչեղ» հրապարակում էր հայտնվել՝ իսրայելցի քաղաքագետ Արյա Գուտի հեղինակությամբ: Թեման հրեաների նկատմամբ Հայաստանում՝ «մերժողական» վերաբերմունքն էր՝ ի համեմատություն Ադրբեջանի: Առանձնակի սրությամբ շեշտված էր, որ մինչ Երեւանում կանգնեցված է «ֆաշիզմի գործակալ» Գարեգին Նժդեհի արձանը, Բաքվում, ընդհակառակը, պանծացնում են Ադրբեջանի ազգային հերոս Ալբերտ Ահարունովի հիշատակը:

Իհարկե, անուշադրության էր հայտնված հանգամանքը, որ Ահարունովի հարազատները վաղուց լքել են Ադրբեջանը եւ բնակվում են Իսրայելում, բայց դա բոլորովին այլ խոսակցության թեմա է: Եւ այդ հրապարակման մասին, թերեւս, չհիշվեր, եթե տեղի չունենար անսպասելին. Ադրբեջանի նախագահը չի մասնակցել Երուսաղեմում Հոլոքոսթի զոհերի հիշատակի խնկարմանը: Արարողություն, որին ներկա են գտնվել աշխարհի շատ երկրների առաջնորդներ: Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները պաշտոնապես բնութագրվում են որպես «ռազմավարական համագործակցություն»: Անցած տասնամյակներում հրեական պետությունն, իրոք, մեծապես նպաստել է Ադրբեջանի զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների կայացմանը, ցուցաբերել ռազմատեխնիկական մեծ օժանդակություն՝ միաժամանակ հանդիսանալով ադրբեջանական նավթի խոշոր գնորդներից մեկը:

Տեղեկություններ կան, որ Ալիեւի ընտանիքն Իսրայելում ահռելի սեփականության տեր է, իսկ կրտսեր Հեյդար Ալիեւը տարվա մի մասն անցկացնում է Հայֆայի առանձնատանը՝ գտնվելով հրեա բժիշկների աչալուրջ հսկողության տակ: Այս համատեքստում Իսրայելի համար սկզբունքային նշանակության արարողությանն Ադրբեջանի նախագահի բացակայությունն աչքի է զարնում: Խնդիրն, ամենայն հավանականությամբ, կապված է Երեւսաղեմի կարգավիճակի հետ: Ադրբեջանը, որպես արաբական եւ առհասարակ իսլամական աշխարհի հետ համերաշխության ցույց՝ պաշտոնապես դեմ է արտահայտվել Երուսաղեմը  հրեական պետության անբաժանելի մայրաքաղաք  հռչակելուն: Եւ չնայած Իսրայելը վաղուց Բաքվում դիվանագիտական ներկայացուցչություն ունի, փոխադարձ քայլ կատարելու հարցում Ադրբեջանն անընդհատ հապաղում է: Տպավորություն կա, որ դա պայմանավորված է Իրանի հավանական կոշտ արձագանքից խուսափելու նպատակահարմարությամբ:

Երուսաղեմ չմեկնելու Ալիեւի որոշմանը զուգահեռ՝ Բաքվում իրանական մշակույթի կենտրոնը գեներալ Սոլեյմանիի հիշատակի գեղարվեստական հավերժացման մրցույթ է հայտարարել: Բաքվի լրատվամիջոցներից մեկն իսկույն «հայելային» առաջարկ է  հնչեցրել՝ այդ դեպքում Իրանն էլ պետք է հարգի ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի «շեհիդների․ հիշատակը: Ըստ երեւույթին, հրեական լոբբիի միջոցով ԼՂ հարցում իր համար միջազգային նպաստավոր մոտեցում ձեւավորելու ալիեւյան նախագիծն սկսել է տեղապտույտ տալ:

Ադրբեջանում ակնհայտորեն դժգոհ են հայ-հրեական հարաբերությունների վերբեռնման հեռանկարից: Դեր է խաղում նաեւ թուրք-իսրայելական լարվածության գործոնը: Եւ ստացվում է, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններն առնվազն Հոլոքոսթի հարցում այլեւս ռազմավարական-գործընկերային չեն: Այլապես Իլհամ Ալիեւը չէր խորշի Երուսաղեմ մեկնելուց: Մանավանդ որ Ռուսաստանի նախագահի մասնակցությունը նշանային էր. Մոսկվան նույնպես Երուսաղեմը չի ճանաչում հրեական պետության անբաժանելի մայրաքաղաք:

Պիտակ

Մեկնաբանություններ