Հունիս 03, 2020 13:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.06.2020

Թրամփը սպառնացել է ռազմական ուժ կիրառել ցուցարարների դեմ

Իրան օրաթերթ

Թրամփը սպառնացել է ցուցարարներին. «Եթե կարիք լինի, գործի կդրվի բանակը»

Միացյալ Նահանգներում ընթացող լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին, նախագահ Դոնալդ Թրամփը հայատարարել է, որ մոբիլիզացնում է առկա բոլոր դաշնային, ռազմական և քաղաքացիական ռեսուրսները ՝ դադարեցնելու «թալանը և ապստամբությունը»:

Նա հայտարարել է. «Որպես նախագահ իմ առաջին և բարձրագույն պարտականությունն է պաշտպանել մեր երկիրը և ամերիկացի ժողովրդին: Երդվում եմ կատարել այս ազգի օրենքները, և դա հենց այն է, ինչ կանեմ»:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանի նախագահ. Եթե Եվրամիությունը կատարի ՀԳՀԾ-ի 11-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, մենք նույնպես դրանք կիրագործենք

Նշելով, որ ՀԳՀԾ-ն բազմակողմանի քաղաքականութանը մեծ ձեռքբերում էր, Իրանի նախագահը հավելել է. «Ցավոք, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալու պատճառով, այս համաձայնությունը հանդիպեց խնդիրների»:

Երեքշաբթի օրը, Ֆինլանդիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին նշել է, որ 2231 բանաձևը հաստատվել է  ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից, հավելելով. «ԱՄՆ Անվտանգության խորհրդից դուրս գալու քայլը հակասում էր Անվտանգության խորհրդի բանաձևին, միջազգային իրավունքին, քաղաքական կարգին և բարոյական բոլոր պարտավորություններին»:

Ռոհանին ասել է, որ Իրանի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության   հետ շարունակվում է և ոԹեհրանի միջուկային գործունեությունը լիարժեք վերահսկվում է կառույցի  տեսուչների կողմից:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Թրամփ. Մենք ձերբակալելու ենք հազարավոր մարդկանց և խստորեն ճնշելու ենք բողոքի ցույցերը

Տարբեր նահանգների նահանգապետների հետ անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է Վաշինգտոնում հազարավոր մարդկանց ձերբակալելու և բողոքները ճնշելու մտադրության մասին:

Երկուշաբթի առավոտյան նահանգապետների հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է որոշ նահանգապետերին ՝  Ջորջ Ֆլոյդի  սպանության դեմ բողոքի ցույցերի ժամանակ իրավիճակը վերահսկելու թույլ կողմերի համար:

Նա ասել է. «Այսօր Վաշինգտոնում անվտանգության աշխատակիցների ներկայությունը կավելանա»:

 

Համշահրի օրաթերթ

Ջո Բայդեն. «Ցանկալի կլիներ, որ ձևականությունների փոխարեն, Թրամփը գոնե մեկ անգամ կարդար Աստվածաշունչը»

Դեմոկրատական ​​թեկնածուն քննադատել է Սպիտակ տան մոտակայքում գտնվող եկեղեցու կողքին Դոնադ Թրամփի ձևական  լուսանկարը՝ Աստվածաշունչը ձեռքում:

Բայդենը հայտարարել է, որ եթե Թրամփը գոնե մեկ անգամ բացեր Աստվածաշունչը, ինչ որ բան կսովորեր:

Բայդենը հավելել է, որ դեպի եկեղեցի Թրամփի գնալուց առաջ, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ Սպիտակ տան մոտ հավաքված ցուցարարներին ցրելու համար:

 

armenpress.am

Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում COVID-19-ի պատվաստանյութի ստեղծման արագ ընթացքի մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն ընթանում են ավելի արագ, քան սպասվում էր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Պատվաստանյութի շուրջ աշխատանքները շատ լավ են ընթանում: Ճշտ այնպես, ինչպես և բուժումը: Շարժվում ենք ավելի արագ, քան սպասվում էր: Լավ նորություններն առջևում են»,- գրել է Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհում առաջինն է կորոնավիրուսով վարակվածների թվով: Այստեղ վարակման 1 միլիոն 859 հազար 772 հաստատված դեպք կա: Մահացածների թիվը 106 հազար 929 է: Այս ցուցանիշով ևս Միացյալ Նահանգներն առաջինն է աշխարհում:

 

armenpress.am

Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 3 ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշը

Իտալիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 55 մարդ է մահացել, ինչը երկրում արձանագրված ամենացածր մահացության ցուցանիշն է, սկսած մարտ ամսից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներին:

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 33 հազար 530 է: Մեկ օրվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 318-ով, հասնելով 233 հազար 515-ի:

 

armenpress.am

Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող մզկիթներից մեկում ուժգին պայթյուն է որոտացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է TOLOnews հեռուստաընկերությունը:

Լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:

Միջադեպի արդյունքում վնասվածքներ է ստացել երեք անձ: Տուժածների թվում է նաև մզկիթի հոգևոր հովիվը:

 

panarmenian.net

Հետազոտություն․ Սոցհեռավորությունն ու դիմակները նվազեցնում են վարակման ռիսկը

Մինչ օրս անցկացված ամենաընդգրկուն հետազոտությունը պարզել է, որ սոցիալական հեռավորության պահպանումն ու դիմակի օգտագործումը կորոնավիրուսի փոխանցումը կանխելու լավագույն տարբերակներն են, հայտնում է CNN-ը։

Բժշկական The Lancet ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ մարդիկ պետք է մոտ 1 մետր (հնարավորության դեպքում՝ ավելի) հեռավորություն պահեն վարակից խուսափելու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ֆինանսավորված հետազոտությունը հիմնական 3 եզրակացություն ունի․ վիրուսից խուսափելու համար պետք է կրել դիմակ, պահել սոցհեռավորություն և պաշտպանել աչքերը։

Ըստ հետազոտության՝ 1 մետրից ավելի սոցիալական հեռավորության պահպանման դեպքում վարակման ռիսկը 2․6% է, իսկ 1 մետրից փոքր հեռավորություն պահելու դեպքում՝ 12․8%։

Առանց դիմակի կորոնավիրուսի փոխանցման հավանականությունը 17.4% է, այնինչ դիմակ կրելու դեպքում թիվը նվազում է մինչև 3.1%։ Պաշտպանիչ ակնոցների, աչքերի պաշտպանության այլ միջոցների օգտագործման դեպքում վիրուսով վարակվելու հավանականությունը 5․5% է, առանց այդ պաշտպանության՝ 16%։

Հունիսի 3-ի տվյալով ամբողջ աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 6․3 մլն-ից ավելի մարդու մոտ։ Աշխարհում մահացել է 380,000-ից ավելի մարդ։

 

panarmenian.net

ՖԻՖԱ-ն չի տուգանի ֆուտբոլիստներին՝ Ֆլոյդի աջակցության ակցիաների համար

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չի տուգանի ֆուտբոլիստներին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքների հետ համերաշխության ժեստերի համար։ Այդ ողբերգության հետ կապված քաղաքական ակցիաները կդիտարկվեն ողջամտության տեսակետից և հաշվի կառնվեն բոլոր հանգամանքները։

ՖԻՖԱ-ում հասկանում են «զգացմունքների խորությունն ու մտավախությունները, որոնք արտահայտում են բազում ֆուտբոլիստներ Ֆլոյդի ողբերգական մահվան կապակցությամբ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն։

Բունդեսլիգայի մի շարք ֆուտբոլիստներ հանդես են եկել ի աջակցություն ԱՄՆ-ում Ֆլոյդի սպանության դեմ բողոքող ցուցարարների։ Մասնավորապես, «Շալկեի» ֆուտբոլիստ Ուեսթոն Մաքքենին թևկապ էր կապել որպես ռասիզմի դեմ բողոքի նշան, Մարկուս Թուրամը «Բորուսիայից» իջել է ծնկի, Ջեյդոն Սանչոն և Աշրաֆ Հաքիմին գրել են մարզաշապիկների վրա Justice for George Floyd՝ Արդարություն Ջորջ Ֆլոյդի համար։

Այդպիսի ակցիաներն արգելված են Բունդեսլիգայի և ՖԻՖԱ-ի կանոնադրություններով։ Գերմանական ֆուտբոլային միությունը խոստացել է քննարկել իրավիճակը վերահսկման կոմիտեում։ Այն կպարզի՝ արդյոք հանդիպումները հարմար վայր են նմանատիպ ակցիաների համար և կքննարկի հնարավոր պատժամիջոցների հարցը։

Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին այն բանից հետո, երբ սպիտակամորթ ամերիկացի ոստիկանը գրեթե 10 րոպե խեղդել է նրան ծնկով՝ բերման ենթարկելիս։ 46-ամյա տղամարդը օգնության է կանչել մինչև գիտակցությունը կորցնելը։ Ոստիկանը ձերբակալվել է, նրան անզգուշությամբ սպանության մեղադրանք է առաջադրվել։

Միննեապոլիսում տեղի ունեցած այս ողբերգությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել ամբողջ երկրով մեկ։ Ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում պարետային ժամ է սահմանվել և գործի է դրվել Ազգային գվարդիան։

 

panarmenian.net

Հորդոր ավիաուղևորներին՝ դիմակ կրել և 1 մ հեռավորություն պահել

Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում հորդորում է ինքնաթիռում դիմակ կրել, 1 մ հեռավորություն պահպանել ուղևորների միջև և ջերմաչափում իրականացնել։

ICAO-ի համապատասխան հանձնարարականները մշակվել են ԱՀԿ և Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ, գրում է Deutsche Welle-ն։

Ըստ ICAO-ի` օդանավակայան ժամանող ուղևորները պետք է տեղեկանք ունենան առողջության վերաբերյալ և ջերմաչափվեն։ Թռիչքի ավարտին նրանց ջերմությունը կրկին պետք է չափվի։ Կազմակերպությունը նաև խորհուրդ է տալիս, ըստ հնարավորության` խուսափել ֆիզիկական շփումից, ինչպես նաև օգտվել էլեկտրոնային տոմսերից։

Կազմակերպությունը նաև հորդորում է ուղևորներին պաշտպանիչ դիմակներ կրել օդանավակայանում և ամբողջ թռիչքի ընթացքում։ Ինքնաթիռում ուղևորները պետք է հնարավորինս քիչ լքեն իրենց տեղը, հարկավոր է նաև խուսափել զուգարանի հերթերից։ ICAO-ի հորդորները խորհրդատվական բնույթ են կրում։

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հունիսի 1-ի տվյալներով անցել է 6․1 մլն-ից, վիրուսից մահացել է 372,000-ից ավելի մարդ, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։

Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, երկրում կորոնավիրուս հաստատվել է 1․7 մլն-ից ավելի մարդու մոտ, երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ վարակված է 514,000-ից ավելի մարդ։ Ռուսաստանը երրորդն է՝ վարակվածների թիվն անցել է 414,000-ից։

Պիտակ

Մեկնաբանություններ