Մեկնաբանություն - ԻԻՀ մեծարգո առաջնորդը հայտարարել է, որ օտարների վրա չպետք է հույս դնել
Այսօր առավոտյան Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարների և տնտեսական համակարգման գերագույն խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, պատժամիջոցները որակելով որպես դառը իրողություն և ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի ժողովրդի նկատմամբ իրականացվող ոճրագործություն, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթոլլահ Խամենեին ասել է.«Պատժամիջոցներից ձերբազատվելու երկու ուղի կա,որոնք են՝«չեզոքացնել պատժամիջոցները ու հաղթահարել դրանք» և «պատժամիջոցների վերացումը»:
Ընդգծելով, որ արտերկրից երբեք որևէ հանգույց չի կարող լուծվել, ԻԻՀ մեծարգո առաջնորդը հավելել է.«Չի կարելի հույս դնել ԱՄՆ-ի ու Արևմուտքի խոստումների վրա և հաշվի առնել նրանց խոսքերն ու ըստ դրանց ծրագիր մշակել»:
Թեև եվրոպացիներն իրենց դիրքորոշման շրջանակում փորձում են ցույց տալ, որ ԱՄՆ-ից անկախ տնտեսական որոշում են կայացնում ու քաղաքական դիրքորոշում ընդունում, բայց նրանց դիրքորոշումները երկստանդարտ են և հաճախ փոփոխություն են կրում: Այս համատեքստում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ստորագրած երեք եվրոպական երկրներ միջուկային գործարքից ԱՄՆ-ի պաշտոնապես դուրս գալուց հետո, աջակցել են այս բազմակողմ ու միջազգային համաձայնագրին, իհարկե հանուն իրենց հեղինակության ու պատվի պահպանման, բայց ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իրենց պարտավորությունների կատարման հարցում մեծ թերություններ են ունեցել:
Այս երկրները, մյուս կողմից, ԱՄՆ-ի դիրքորոշման ուղղությամբ օրինագիծ են ճշտում Իրանի պաշտպանական քաղաքականության և արտաքին քաղաքականության սկզբունքների համար, ընդորում այդ միջամտողական դիրքորոշումները բոլորովին ընդունելի չեն Իրանի համար:
Իր ելույթի մի հատվածում անդրադառնալով եվրոպական եռյակի վերջին հայտարարությանը, Այաթոլլահ Խամենեին նշել է. «Այն դեպքում, երբ իրենք միջամտում են տարածաշրջանի հարցերին, եվրոպական երկրներն Իրանին կոչ են անում չմիջամտել տարածաշրջանի հարցերին: Այն դեպքում երբ Բրիտանիան և Ֆրանսիան ունեն կործանարար միջուկային հրթիռներ և Գերմանիան ևս նույն ճանապարհով է գնում, Իրանի իսլամական հանրապետությանն ասում են, որ չպետք է հրթիռ ունենա»:
Իրողությունն այն է, որ ԱՄՆ-ն, հատկապես վերջին երեք տարիների ընթացքում թափ հաղորդելով պատժամիջոցներին, թիրախավորեց Իրանի տնտեսությունը, որպեսզի լուրջ վնասներ հասցնի երկրին, և պատժամիջոցների հետևանքները նվազեցնելու վերաբերյալ Եվրոպայի տված խոստումներն էլ չեն իրականացել: Չնայած պատժամիջոցները դժվարություններ են պարտադրել Իրանին, դրանք նաև նոր հնարավորություն են ստեղծել տնտեսությունը բացարձակ կախվածությունից փրկելու և տնտեսական ցնցումների նկատմամբ նրա խոցելիությունը նվազեցնելու համար:
Դա այն իմաստով,որ Իրանը փորձեց տնտեսական պատերազմին դիմակայելու համար իր կողմնորոշումներն ուղղորդել դեպի դիմադրողական տնտեսություն՝ ապավինելով ներքին կարողություններին: Արտադրության ոլորտում թռիչքը չնայած կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված պայմաններին, սպասվածի չափ չի եղել, բայց այն համարվում է հուսալի տարբերակ տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համար: Հաշվի առնելով այս բոլոր բաղադրիչները, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իր այսօրվա ելույթում ընդգծել է երկու կարոր հարց.
Առաջին՝ երկրի տնտեսական ներքին կարողություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությանը զուգահեռ՝ դժվարություններից չվախենալ և ջանքեր գործադրել դրանք հաղթահարելու համար:
Երկրորդ՝ ներկայացնել խնդիրների լուծման հստակ և ճշգրիտ վերլուծություն ՝ պահպանելով Իրանի անխախտ դիրքերն ու սկզբունքները Իրանի ժողովրդի հզորության ասպարեզներում: