Խաղաղությանը և անվտանգությանն աջակցելն Իրանի տարածաշրջանային և միջազգային դիվանագիտության առանցքում
Ավելի քան 40 տարի Աֆղանստանի ժողովուրդը տառապել է արտերկրից պարտադրված արյունահեղությունից:
Աֆղանստանում խաղաղության, կայունության և զարգացման ուղիների քննարկման թեմայով Ժնևում կայացած «Աֆղանստան -2020» միջազգային խորհրդաժողովում, որին մասնակցում էին 66 երկրների և 32 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է այս դառը իրականությանը:
Զարիֆը հավելել է. «Բոննի խորհրդաժողովից 20 տարի անց Աֆղանստանի պատերազմի մասին խոսելը մեծ ողբերգություն է: Խաղաղություն հաստատելու ռազմական մոտեցումը ձախողվել է: Իրանը միշտ եղել է միջաֆղանական երկխոսության կողմնակիցներից»: Նա հավելել է, որ ՄԱԿ-ը պետք է առանցքային դեր խաղա միջաֆղանական երկխոսությունն իրագործելու հարցում և Իրանը պատրաստ է համագործակցել այդ ուղղությամբ:
Աֆղանստանը երկար տարիներ տառապել է պատերազմներից ու ավերածություններից, տնտեսական հետամնացությունից, պառակտվածությունից, ծայրահեղականությունից և ահաբեկչությունից: Այս իրավիճակը տարբեր գործոնների արդյունք է, սակայն դրանցից ամենակարևորը օտարերկրացիների միջամտությունն է այս երկրում: Դրա փայլուն օրինակն են վերջերս այդ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունները, ներառյալ Քաբուլի համալսարանի դեպքը և ավելի ուշ քաղաքի տարբեր շրջանների հրթիռակոծումը:
Հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարելի է օգնել Աֆղանստանում խաղաղության և անվտանգության հաստատմանը:
«Աֆղանստան -2020» միջազգային խորհրդաժողովում Իրանի ԱԳ նախարարի ելույթն այս հարցի հստակ և իրատեսական պատասխանն էր:
Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը և նրանց պարտականությունների սահուն և արդյունավետ փոխանցումը Աֆղանստանի անվտանգության ուժերին, կլինի տևական խաղաղության հաստատման ուղղությամբ արված քայլ:
Զարիֆն իր ելույթում կարևորել է հավաքական փոխգործակցության և տարածաշրջանային կարողությունների օգտագործումն Աֆղանստանում կայուն խաղաղության հասնելու համար: Այս համատեքստում, Իրանի դիվանագիտության առաջին գերակայությունը երկխոսության միջոցով բռնությունը և պատերազմը դադարեցնելն է: Աֆղանստանի տնտեսությանն ու ժողովրդին օգնելը և պատերազմի պատճառած ավերածությունները վերականգնելը ևս մեկ կարևոր խնդիր է, որն Իրանի տեսանկյունից պետք է իրականացվի քաղաքական ջանքերի հետ մեկտեղ:
Ինչպես նշել է ԻԻՀ արտգործնախարարը, չնայած պատժամիջոցներին ու սահմանափակումներին, Իրանը մշտապես աջակցել է Աֆղանստանի ենթակառուցվածքների վերականգնմանը:
Առաջիկայում Խաֆ-Հերաթ երկաթուղու բացումը և Իրանի ու Աֆղանստանի երկաթուղիների միացումը, ինչպես նաև Իրանի Չաբահար նավահանգստով համաշխարհային շուկայի հետ Աֆղանստանի կապի դյուրացումն այդ ուղղությամբ արված ԻԻՀ գործողությունների մի մասն են:
Իրանը նաև ի վիճակի է արդյունավետ միջոցներ ձեռնարկել նաև էներգետիկ ոլորտում այլ երկրներին աջակցություն ցուցաբերելու համար: Հաշվի առնելով այս կառուցողական քայլերը, կարելի է ասել, որ խաղաղությանն ու անվտանգությանը աջակցելն Իրանի տարածաշրջանային և միջազգային դիվանագիտության առանցքում է՝ հարևանների, հատկապես Աֆղանստանի հետ հարաբերություններում և Իրանը կանգնած է Աֆղանստանի կառավարության և ժողովրդի կողքին `այդ նպատակն առաջ տանելու գործում: