Նոյեմբեր 27, 2021 12:13 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԻԻՀ նախագահի ներկայությունը ԷԿՕ-ի 15-րդ գագաթնաժողովին. Հայացք նպատակներին և հնարավորություններին

ԻԻՀ նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, շաբաթ օրը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով, գլխավորելով բարձրաստիճան քաղաքական պատվիրակություն, մեկնել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ:

Այցի շրջանակներում, ԻԻՀ նախագահը ելույթ կունենա ECO-ի 15-րդ գագաթնաժողովում և կներկայացնի Իրանի դիրքորոշումներն ու առաջարկությունները՝ տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների ամրապնդման, խոչընդոտների վերացման և համագործակցության մակարդակի բարձրացման վերաբերյալ:

Իրանի ներկայությունն այս գագաթնաժողովում ռազմավարական նշանակություն ունի մի քանի առումներով.

Նախ՝ որպես  ECO-ի հիմնադիրներից մեկն Իրանը կազմակերպությունում կարևոր դեր ունի իր  աշխարհագրական դիրքի շնորհիվ: Իրանը ցամաքային սահման ունի կազմակերպության  5  անդամ երկրների հետ, իսկ մյուս անդամների հետ սահամնակից է միջազգային ջրերում: Իրանի էներգետիկ ռեսուրսները և համաշխարհային շուկաներ դրանց տեղափոխման հնարավորությունը զգալիորեն մեծացրել են տարածաշրջանում ԻԻՀ կարևորությունն ու վստահելիությունը:

ECO-ի 15-րդ գագաթնաժողովին Իրանի ներկայության կարևորության մյուս ասպեկտը նոր քայլերն են՝ զարգացնելու տնտեսական հարաբերությունները, լուծումներ ստեղծելու և ճանապարհ հարթելու ECO-ի անդամների միջև առևտրային գործունեության ընդլայնման համար։

Այդ կապակցությամբ, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ներկայացուցիչների համատեղ հանդիպմանը, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը,գագաթնաժողովից առաջ, ստորագրվել է եռակողմ  համաձայնագիր՝ Ղազախստանից Թուրքմենստան և այնտեղից Իրան երկաթուղային բեռնափոխադրումների ավելացման վերաբերյալ։ 

Գագաթնաժողովի կարևորության երրորդ ասպեկտը տարածաշրջանային դիվանագիտության ակտիվացմանն ուղղված խորհրդակցություններն են: ECO-ի գագաթնաժողովի անցկացման տարիների ընթացքում, Իրանը տարբեր հարթություններում հանդես է եկել տարբեր առաջարկներով: Այդ առաջարկներից են եղել գիտական ​​և տեխնոլոգիական համագործակցության ամրապնդումը, տնտեսական, արդյունաբերական, գյուղատնտեսական, էներգետիկ համագործակցությանբ ընդլայնումը, մաքուր մեթոդների կիրառումը, ապրանքն ապրանքով փոխանակումը, ազգային արժույթով փոխանակումները և ներդաշնակեցված մաքսային կանոնակարգերի սահմանումը:

Չնայած իրենց կարողություններին և ներուժին, տարածաշրջանում քաղաքական մարտահրավերների և ճգնաժամերի պատճառով, ECO-ի  անդամ երկրները չեն կարողացել լավ դիրք զբաղեցնել առևտրի և տնտեսական զարգացման ոլորտում: Այս տեսանկյունից, ECO-ի 15-րդ գագաթնաժողովը հնարավորություն է նպաստելու  կազմակերպության անդամ երկրների համագործակցությանը։ ECO-ի անդամներն են Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը:

ECO-ի 15-րդ գագաթնաժողովի կարևորության չորրորդ ասպեկտը տարածաշրջանի երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների և առավելագույն փոխգործակցության ամրապնդումն է, և այսօր տարածաշրջանային պայմանագրերն ավելի մեծ տնտեսական և քաղաքական արժեք ունեն,  քան միջազգային պայմանագրերը։

Հարկ է նշել, որ վերջերս կայացած ՇՀԿ գագաթնաժողովում, ակզմակերպությանն  Իրանի լիիրավ անդամակցության հաստատումը դարձավ տարածաշրջանի երկրների հետ Իրանի հարաբերությունների նոր փուլի մեկնարկը:

Իրանը վճռական է լավագույնս օգտվել այս հնարավորությունից՝ տարածաշրջանի երկրների հետ տնտեսական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Իրանն ընդգծում է, որ երկարամյա պատմություն ունեցող ECO-ի նման միությունների ամրապնդումը հնարավորություն է ամրապնդելու քաղաքական հարաբերությունները և նվազեցնելու լարվածությունը տարածաշրջանի երկրների միջև: