Հունվար 24, 2022 12:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թուրքիան շարունակում է Սիրիայի տարածքի նկատմամբ ագրեսիան

Սիրիայի նկատմամբ թուրքական բանակի ագրեսիայի հետևանքով, այդ երկրի խաղաղ բնակիչների շրջանում օրեցօր ավելանում է զոհերի ու վիրավորների թիվը:

Ներխուժելով Սիրիա, Էրդողանի կառավարությունը մարդկային ու տնտեսական մեծ կորուստներ պատճառեց Սիրիային և Թուրքիայի ժողովրդին կանգնեցրեց նոր ճգնաժամի առաջ: Այս կապակցությամբ կարելի է  ասել, որ Թուրքիայում տիրող ներկա իրավիճակը, ներառյալ՝ տնտեսական ճգնաժամը, գործազրկության ճգնաժամը,  ամենօրյա գնաճը և ազգային արժույթի աննախադեպ արժեզրկումն Էրդողանի կառավարության ռազմատենչ քաղաքականության և հարևան երկրների վրա հարձակումների հետևանքն են:

Երբ Սիրիայում սրվեց քաղաքացիական ճգնաժամն ու Դամասկոսը սկսեց պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ, Անկարայի կառավարությունն օգտվեց հարևան երկրում ստեղծված իրավիճակից՝ Թուրքիայի  ընդդիմադիր խմբերին ճնշելու պատրվակով սիրիական տարածքում անօրինական գործողություններ սկսելու համար: Թուրքիայի ռազմական ներխուժումը հյուսիսային Սիրիա դատապարտվել է Սիրիայի ժողովրդի ու կառավարության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից: Իսկ Թուրքիայի մեծ թվով քաղաքացիներ ու  ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ  հայտարարել են, որ ռ հարևան երկրներ Սիրիայի և Իրաքի տարածքների օկուպացման քաղաքականությունը  վնասում է  այդ երկրի կառավարությանը և ժողովրդին։

Նույնիսկ Էրդողանի դաշնակիցներն են կարծում, որ Սիրիայում Անկարայի գործողությունները վերածվելու են երկարաժամկետ պատերազմի՝ ճգնաժամ առաջացնելով հենց Թուրքիայում:

Թուրքիան Սիրիայում և Իրաքում իր ռազմական ներխուժման համար որպես պատրվակ է ներկայացրել ՔԲԿ-ի դեմ պայքարը և ներկայումս նույն պատրվակով փորձում է մի քանի ռազմաբազաներ հիմնել այդ տարածքներում՝ փորձելով ամրչապնդել իր ռազմական ներկայությունը երկու հարևան երկրներում։

Չնայած ողբերգական իրադարձություններին, Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին հայտարարությունները վկայում են, որ Անկարան մտադիր չէ իր զինուժը դուրս բերել  Սիրիայի և Իրաքի տարածքներից։ Այդ հայտարարությունները փաստացի վկայում են այն մասին, որ կա՛մ Դամասկոսի կառավարությունը և սիրիացիները պետք է ռազմական ուժի գործադրմամբ թուրքերին արտաքսեն իրենց երկրից, կա՛մ դա պետք է արվի միջազգային հարթակներում և ինստիտուցիոնալ ճնշման ներքո, այդ թվում ԱԽ-ի կողմից:

Նախկինում տարածաշրջանի և աշխարհի շատ քաղաքական շրջանակներ, Սիրիայի տարածքում ռազմական ներկայություն ունենալու Թուրքիայի ցանկությունը կապում էին ԻԼԻՊ ահաբեկչական շարժման վերածննդի հետ: Սակայն ներկայումս վերլուծությունները վկայում են, որ Էրդողանի կառավարության պաշտոնյաները փորձում են ԻԼԻՊ-ի անդամներից օգտվել  Ռուսաստանի դեմ պատերազմում։

Արաբ քաղաքական փորձագետ Դավիթ Ալ-Հաննանն այս կապակցությամբ ասում է. «Թուրքիայի ազգային անվտանգության գործակալությունը (MIT) նոր գործողություն է սկսել՝  սիրիական Իդլիբ նահանգում զորքեր հավաքագրելու և մոտ ապագայում արևելյան Ուկրաինա տեղափոխելու նպատակով: Ակնկալվում է, որ Սիրիայում տեղակայված առնվազն 7000 վարձկաններ կհավաքագրվեն և կտեղափոխվեն Ուկրաինա».

Սիրիայի տարածքում Թուրքիայի նմանատիպ գործողությունները նորություն չեն։ Սակայն դրանք ապագայում կարող են բացասական հետևանքներ ունենալ Անկարայի կառավարության և թուրք ժողովրդի համար։ Միևնույն ժամանակ, Էրդողանի կառավարության ձախողված փորձը Սիրիայում, որը մեծ վնաս է հասցրել Թուրքիային, կարող է ուսանելի լինել թուրք քաղաքական գործիչների, հատկապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար և զգուշացնել նրան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները շարունակելու հետևանքների մասին: