Մայիս 26, 2022 12:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրան-Ռուսաստան համատեղ առևտրային գագաթնաժողով. Երկու կողմերի պատրաստակամությունը ընդլայնելու հարաբերությունները

Չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի է ունեցել Իրան-Ռուսաստան համատեղ առևտրային հանդիպում՝ ԻԻՀ նավթի նախարարի և Ռուսաստանի փոխվարչապետի ներկայությամբ։

Հանդիպման ընթացքում տարբեր առևտրային խմբեր և երկու երկրների պաշտոնյաներ քննարկել են առևտրային հարաբերությունների ընդլայնումը հատկապես նավթային և էներգետիկ ոլորտում։

Հանդիպման ընթացքում Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին ասել է.«Մենք մտադիր ենք 13-րդ կառավարությունում Ռուսաստանի հետ մեր առևտրային հարաբերությունների մակարդակը հասցնել տարեկան քառասուն միլիարդ դոլարի: Իրանն ու Ռուսաստանը պատժամիջոցների են ենթարկվել, բայց համագործակցության և բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման դեպքում պատժամիջոցները չեզոքացնելու ներուժ կա»։

ՌԴ-ի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նույնպես ասել է.«Տնտեսական և առևտրային ոլորտում ԻԻՀ-ն Ռուսաստանի հուսալի և երկարամյա առևտրատնտեսական գործընկերն է, և երկու երկրների քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա»։

Իրանը և Ռուսաստանը ռազմավարական համատեղ շահեր ունեն երկկողմ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսիք են ԱՄՆ միակողմանիությանը հակազդելը, ինչը վերջին տարիներին երկկողմ սերտ համագործակցության հիմնական գործոնն է:

Իրանը և Ռուսաստանը 2001թ. մարտին ստորագրեցին 20-ամյա համաձայնագիր՝ «ԻԻՀ-ի և ՌԴ-ի միջև փոխադարձ հարաբերությունների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագրի մասին օրենք» անունով, և այժմ երկու երկրները ձգտում են նոր համաձայնագիր կնքել։ հատկապես տնտեսական դաշտում:

Հունվարի 19-ին Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի՝ Մոսկվա կատարած այցից, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունից հետո, Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության դաշտը մեծացել է, և երկու կողմերի միջև համագործակցության մեծ մոտիվացիա կա տարբեր ոլորտներում, ներառյալ՝ էներգետիկան, տրանսպորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, բժշկությունը և բժշկական սարքավորումները, սննդի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը:

Թուրքմենստանով և Ղազախստանով իրանական երկաթուղիների միացումը Ռուսաստանին  և Ռուսաստանի հարավային մասում Իրան-Ռուսաստան տարանցիկ ապրանքների, ինչպես նաև մաքսային գործունեության ընդլայնումը երկու կողմերի միջև առևտրային համագործակցության ոլորտներից են համարվում և կողմերը այս նպատակին հասնելու և տրանսպորտային ենթակառուցվածքները ավարտելու համար ստորագրել են չորս փաստաթուղթ:

Այս կապակցությամբ Ալեքսանդր Նովակն ասել է.«Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի գործարկումն անհրաժեշտ է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար, և ԻԻՀ-ն կարող է ռազմավարական տրանսպորտային հանգույց դառնալ Ռուսաստանի և տարածաշրջանի համար»:

Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը հնարավորություն ունի ապահովելու Հնդկական օվկիանոսից բալթյան և սկանդինավյան երկրներ կապերի հսկայական ցանցի շրջանակը: Այս ճանապարհով Հնդկաստանից ապրանքները, Օմանի ծովում և Պարսից ծոցում Իրանի նավահանգիստներ մտնելուց հետո, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով տեղափոխվում են Կասպից ծովի ափեր, այնուհետև ջրային ճանապարհով կամ َԱդրբեջանի տարածքով հասնում Ռուսաստան և այս ճանապարհով կարող են դուրս գալ եվրոպական շուկաներ։

Ակնհայտ է, որ Իրանը, ելնելով իր արտաքին քաղաքականության սկզբունքներից, առանձնահատուկ շահագրգռվածություն ունի հարևան երկրների, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման մեջ և այդ երկրի հետ հարաբերությունների զարգացումը համարում է իր ռազմավարական քաղաքականություններից մեկը, ռուս պաշտոնյաները նաև Իրանին համարում են վաղեմի բարեկամ։ ՌԴ փոխվարչապետի խոսքով, Մոսկվան միշտ մեծ նշանակություն է տվել Թեհրանի հետ հարաբերությունների զարգացմանը։

Այս հիմամբ, Իրան-Ռուսաստան համատեղ առևտրային հանդիպման անցկացումը հնարավորություն է վերացնելու տնտեսական համագործակցության զարգացման խոչընդոտները և արագացնելու պայմանավորվածությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկ կենտրոնների, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև առևտուրն ավելացնելու համար։ Բացի երկկողմ տնտեսական համագործակցությունից, երկու երկրները կարող են նաև ներկայություն և գործունեություն ապահովել երրորդ շուկաներում համագործակցության և սիներգիայի միջոցով։