Հունիս 23, 2022 18:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի այցը Թուրքիա. Էրդողանի և Բեն Սալմանի մարտավարական բարեկամությունը

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ Բեն Սալմանը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ նրան դիմավորել է նախագահ Ռեջեբ Թայեբ Էրդողանը:

Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները գերլարված շրջանից հետո թևակոխել են խաղաղ ու հանդարտ փուլ։ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, ով նախկինում Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության, հատկապես գահաժառանգ արքայազն Մոհամմեդ Բեն Սալմանի գլխավոր քննադատներից էր,  սույն թվականի ապրիլին նահաջելով իր դիրքերից, այցելեց Ռիադ՝ հանդիպելու Սաուդյան Արաբիայի թագավորի և գահաժառանգ արքայազնի հետ: Այժմ Մոհամմեդ Բեն Սալմանը, այցելելով Անկարա, մտադիր է քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ:

Թուրքիա այցելելու Բեն Սալմանի ամենագլխավոր նպատակը Ջամալ Խաշոջիի  սարսափելի  սպանության գործի պատասխանատվությունը  ամբողջությամբ իր ուսերից թոթափելն է և իրեն արդարացնելը։  2018 թվականի հոկտեմբերին այլախոհ լրագրող Խաշողջին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանվեց սաուդյան ուժերի կողմից։ Մոհամմեդ Բեն Սալմանը հուսով է, որ Ջամալ Խաշողջիի գործով մեղադրանքն իր վրայից հանվելու է և այս հարցում թուրքերի աջակցությունը ստանալով՝ կկարողանա փրկվել մարդու իրավունքների հարցերի պատրվակով համաշխարհային ճնշումներից։ Բեն Սալմանի Թուրքիա  այցի մյուս կարևոր նպատակն է իրեն որպես Սաուդյան Արաբիայի պոտենցիալ թագավոր ներկայացնել։ Մոհամմեդ Բեն Սալմանը մտադիր է այդ այցերի և իհարկե տնտեսության գործիքի միջոցով բարձրացնել իր տարածաշրջանային ու միջազգային դիրքը:  Սաուդյան Արաբիայի գահաժառանգը  նաև այցելել է Եգիպտոս, Հորդանան: Հատկանշական է, որ երկու երկրներն էլ տառապում են ծանր տնտեսական խնդիրներից, և Բեն Սալմանը կարող է տնտեսական խոստումներ տալով ամրապնդել իր տարածաշրջանային և միջազգային դիրքը՝ Սաուդյան Արաբիայի գահին բազմելու համար:

Բեն Սալմանի այցը Թուրքիա բուռն քննադատության է ենթարկվել Թուրքիայի ներսում։ Վերջին տարիներին Էրդողանը տարբեր ոլորտներում Սաուդյան Արաբիայի քաղաքականության հիմնական քննադատներից է եղել: Այս քննադատության գագաթնակետը դրսևորվել է Ջամալ Խաշողջիի սպանության գործով: 

Էրդողանը 2018թ. ասել էր.«Սաուդյան Արաբիան  խնդրել է Խաշողջիի սպանության հետ կապված փաստաթղթերը տրամադրել իրենց:  Մենք պատրաստ ենք թույլ տալ, որ նրանք գան այստեղ և լսեն աուդիո ֆայլերը: Բայց մենք փաստաթղթերը Սաուդյան Արաբիային չենք տալու»։

Այնուամենայնիվ Էրդողանը կարգադրել է սպանության  գործը,  հետաքննության փաստաթղթերն ու դատական ​​ապացույցներն ուղարկել Ռիադ։ Դիրքորոշումների նման շրջադարձը պայմանավորված է Թուրքիայի տնտեսական խնդիրներով։ Էրդողանը համոզված է, որ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ վերականգնելով  Սաուդյան Արաբիայի հետ Թուրքիայի հարաբերությունները  և ներգրավելով օտարերկրյա ներդրումներ, կկարողանա բարելավել իր դիրքերը:

«Ապագա» կուսակցության առաջնորդ և Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօլուն առաջին քաղաքական գործիչներից էր, ով բացասաբար արձագանքեց Էրդողանի քաղաքականությանը՝ հայտարարելով, որ մարդասպանին սպանության գործը և փաստաթղթերն ուղարկելը սխալ արարք է, որը  կարատավորի Թուրքիայի հեղինակությունը:

Կարելի է ասել, որ Էրդողանի ու Բեն Սալմանի քայլերն ու երկկողմ դիվանագիտական ​​ուղևորություններն ավելի շատ պայմանավորված են Էրդողանի և Բեն Սալմանի «մարտավարական կարիքով», քան երկու երկրների հարաբերությունների բնույթը դեպի «բարեկամություն» փոխվելով։

Պիտակ