Հունիս 28, 2022 13:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հայացք Իրանի արտգործնախարարի Թուրքիա այցելությանը

Երկուշաբթի օրը Անկարա կատարած այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ, և քննարկել երկու երկրների միջև համագործակցությունն ու տարածաշրջանային հարցեր։

Իրանի և Թուրքիայի պաշտոնյաների օրակարգային կարևոր հարցերից է երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը «համապարփակ և երկարաժամկետ ճանապարհային քարտեզի» ստեղծման միջոցով, որը հավանաբար կստորագրվի երկու երկրների պաշտոնյաների կողմից առաջիկայում, Թուրքիայի նախագահի Թեհրան այցելության ընթացքում:

Երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզը սահմանելու երկու երկրների ջանքերը կարող են նոր էջ նշանավորել Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի հարաբերություններում։ Երկու երկրներն ավելի վաղ նախատեսել էին մինչև 2015 թվականը առևտրի ծավալի աճ մինչև 30 միլիարդ դոլար, ինչը չիրականացավ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների և կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Երկու երկրների նախագահները նպատակ են դրել հասնել Թեհրանի և Անկարայի միջև 30 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության, սակայն այս ցուցանիշն այժմ շատ ավելի ցածր է, և մենք պետք է զբաղվենք դրանով և ավելի շատ ջանքեր գործադրենք ավելացնել առևտրի ծավալը և ճիշտ օգտագործել առկա բոլոր մեխանիզմները։

Չնայած Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի միջև հարաբերությունների կայունությանը, երկու երկրները տարաձայնություններ ունեն տարածաշրջանային որոշ հարցերի շուրջ։ Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Սիրիայի հյուսիսի և Իրաքի վրա Թուրքիայի հարձակումները տարածաշրջանում առկա վեճերից են։ Իրանն ընդգծում է Սիրիայի հարցը քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, և Ամիր Աբդուլլահյանը, Անկարա կատարած իր վերջին այցի ժամանակ, հասկանալի համարելով Թուրքիայի անվտանգության մտահոգությունները, ասել է.«Համոզված ենք, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները պետք է քննարկվեն Աստանայի գործընթացում, և որ անվտանգության հետ կապված խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով»:

Ջրային ռեսուրսները և մասնավորապես Քարակուրտ ամբարտակի հարցը, որը, ինչպես ասում են, Արաքս գետից 1 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր ջուր է կրճատել և վնաս է հասցրել Իրանի շրջակա միջավայրի մի մասին, ինչպես նաևՏիգրիս գետի վրա Իլիսու ամբարտակի կառուցումը, որի պատճառով սրվում է մանրափոշու ճգնաժամը և Իրանի որոշ հատվածներում գյուղատնտեսական հողերի ոչնչացման է հանգեցնում,  Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տարաձայնության թեմաներից են, որ երկու երկրների իշխանությունները ձգտում են կարգավորել:

Ակնհայտ է, որ Իրանի և Թուրքիայի միջև «համապարփակ և երկարաժամկետ ճանապարհային քարտեզի» ստորագրումը, միաժամանակ ընդլայնելով տնտեսական հարաբերությունները, կարող է ճանապարհ հարթել երկու երկրների միջև հակամարտությունների մթնոլորտի նվազեցման համար, ինչը նաև անհրաժեշտ է տարածաշրջանային կայունության համար։

Տարածաշրջանային հարցերի փորձագետ՝ Ալի Մուսավի Խալխալին գրել է.«Իրանն ու Թուրքիան փորձում են հարթել իրենց տարաձայնությունները: Երկու կողմերն էլ վճռականորեն փորձում են թույլ չտալ, որ վեճի շրջանակը դուրս գա վերահսկողությունից։ Մասնավորապես, Իրանի տասներեքերորդ կառավարությունը կարևորում է հարևանների հետ հարաբերությունների բարելավումը և դա համարում է իր առաջնահերթությունը»։