Օգոստոս 09, 2022 12:44 Asia/Tehran

Իրանական «Խայամ» արբանյակն այսօր հաջողությամբ տիեզերք է արձակվել: Իրանի կապի և ՏՏ նախարար Իսա Զարեփուրի խոսքով, իրանական «Խայամ» արբանյակը արձակվել է Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից, «Սոյուզ» արբանյակակրով, և հաջողությամբ տեղադրվել է Երկրի 500 կմ ուղեծրում:

Զարեփուրը նշել է, որ 600 կգ կշռող այս արբանյակի արձակումը Իրանին անհրաժեշտ տիեզերական տվյալներ տրամադրելու համար շատ մեծ քայլ է, և դրանից ստացած բարձր ճշգրտությամբ պատկերները կարող են օգտագործվել՝ խթանելու երկրի տիեզերական կիրառությունները շրջակա միջավայրի և գյուղատնտեսության ոլորտներում:

Տիեզերական արդյունաբերությունը համարվում է առաջադեմ տեխնոլոգիաներ ունեցող արդյունաբերություն։ Չնայած բոլոր գործնական սահմանափակումներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հասել է տիեզերական տեխնոլոգիաների ամբողջական ցիկլին և շարունակական ու առաջադեմ քայլեր է ձեռնարկել տիեզերական տեխնոլոգիաների ձեռքբերման ոլորտում վերջին չորս տասնամյակներում։ Այժմ Իրանն աշխարհի 10 տիեզերական երկրների շարքում է, ինչն այս երկրի մասնագետների ավելի քան 4 տասնամյակի ջանքերի արդյունքն է, այդ իսկ պատճառով Իրանը վստահելի դիրք է զբաղեցնում այս տեխնոլոգիայի տեր սակավաթիվ երկրների շարքում։ Ներկայումս արբանյակի արձակման բազայի կառուցումը հասանելի է 6 երկրի, իսկ Իրանը տիեզերական բազայի զարգացման առումով հաջորդ հորիզոնականում է։

Թեև Իսլամական Հանրապետության թշնամիները բոլոր տեսակի պատժամիջոցներով փորձել են կանխել երկրի տնտեսական և գիտական ​​առաջընթացը, այդ թվում՝  տիեզերական արդյունաբերության ոլորտում, սակայն, չնայած բոլոր սահմանափակումներին և ճնշումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք է բերել տիեզերական և տիեզերքին առնչություն ունեցող տարբեր տեխնոլոգիաներ, ինչը մեծ հաջողություն է համարվում իսլամական Իրանի համար։   Իրանի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այլ երկրների տիեզերական ծրագրի տարբերությունն այն է, որ Իրանը հիմնվում է իր ներքին հզորության վրա և օգտվում տեղական տեխնոլոգիաներից:

Ներկա դարաշրջանում, հաշվի առնելով արբանյակների կարևոր դերը բոլոր, այդ թվում՝ հեռահաղորդակցության և կապի, հետախուզման,  բնապահպանական և շատ այլ ոլորտներում, Իրանի Իսլամական Հանրապետությունը  վճռակամ է զարգացնելու իր հրթիռային և տիեզերական ենթակառուցվածքն ու տեխնոլոգիաները և մեծ առաջընթաց է գրանցել այդ ուղղությամբ:  Արբանյակային կայանների նախագծումն ու կառուցումը և տեղական արբանյակների ստեղծման, դրանց արձակման, տվյալների ստացման և վերջապես ստացված տվյալների օգտագործման ոլորտում կարևոր քայլերը կազմում են այս տեխնոլոգիայի ամբողջական ցիկլը: 

Այս փաստն անընդունելի է ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի համար, ուստի Վաշինգտոնը գործադրում է առավելագույն ջանքերը՝ կանխելու տիեզերական ոլորտում Իրանի զարգացումը։ Այնուամենայնիվ, Իրանի տիեզերական ծրագիրը տեղական է և հենված հայրենական փորձագետների և տեխնոլոգիաների վրա,  հետևաբար, չնայած ԱՄՆ-ի ճնշմանն ու պատժամիջոցներին և Արևմուտքի հակառակությանը, այն շարունակում է աճել: Այսպիսով Ամերիկայի ճնշումներն ու պատժամիջոցները չեն կարող խնդիր ստեղծել այս ոլորտում։

Իրանի կապի և ՏՏ նախարար Իսա Զարեփուրն ասել է.«Պատժամիջոցների և դժվարությունների գագաթնակետում Իրանը տիեզերական ոլորտում ձեռք է բերել  ամենաառաջադեմ գիտելիքները և կառուցել արբանյակ ու արբանյակակիր, որը մեծ ճշգրտությամբ բեռը տեղափոխում է տիեզերք:

Ներկա պահին ռուսական արբանյակակրի կողմից իրանական «Խայամ» արբանյակի արձակումը տիեզերական ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության սկիզբն է: Միաժամանակ, Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ի լրումն տիեզերական արդյունաբերության ոլորտում հայտնի երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության, իր օրակարգում ունի նաև տեղական տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը, և նպատակ ունի մինչև տարեվերջ փորձնական արբանյակ տեղադրել 500 կմ տիեզերական ուղեծրում:

 

Պիտակ