Սեպտեմբեր 30, 2022 11:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Լիբանանում նոր նախագահի նշանակման նիստն ավարտվել է առանց արդյունքի

Նախագահի նշանակման նպատակով Լիբանանի խորհրդանաի նիստն ավարտվել է առանց արդյունքի:

Լիբանանի նախագահ Միշել Աունի վեցամյա կառավարման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 31-ին: Եվ այդ ժամկետից մեկ ամիս առաջ խորհրդարանը պետք է ներկայացնի նոր նախագահին: Նախագահի թեկնածուի օգտին պետք է քվեարկի խորհրդարանի 128 անդամների երկու երրորդը: Նախագահը պետք է լինի երկրի քրիստոնյաներից:

Խորհրդարանի նիստի անցկացումն ուներ երկու կարևոր ուղերձ:

Առաջինը նիստին մասնակցած պատգամավորների թիվն է: 128 պատգմավորներից նիստին մասնակցել են 122-ը: Դա վկայում է, որ պատգամավորները կարևորում են նախագահի պաշտոնը:

Մյուս հարցը վերաբերվում է նախագահի թեկնածուի հարցում Լիբանանի քաղաքական խմբավորումների միջև առկա տարաձայնություններին: Նսիտին ներկա 122 պատգամավորներից 63-ը հրաժարվել է քվեարկել որևէ թեկնածուի օգտին: Միշել Մուավադը հավաքել է 36 ձայն, իսկ Սալիմ Էդեհը՝ 11 ձայն: Եվս 12 ձայն անվավեր է ճանաչվել։

63 պատգամավորների կողմից տրված սպիտակ քվեների պատճառը թեկնածուների արտասահմանյան կապերն են: Լիբանանի Հեզբոլլահի գործադիր խորհրդի ղեկավար Սեյեդ Հաշեմ Սաֆիուդդինն այս առնչությամբ ասել է, որ որոշ մարդիկ սխալվում են՝ ձգտելով ապահովել ԱՄՆ-ի շահերը ապագա ընտրություններում:

Նա հավելել է. «Հեզբոլլահը» թույլ չի տա Լիբանանի ժողովրդին պարտադրել նախագահի, որը կախված կլինի Միացյալ Նահանգներից»։

Ըստ այս նիստի արդյունքների, կարելի է եզրակացնել, որ Լիբանանի քաղաքական դաշտում նոր փակուղի է ձևավորվում: Լիբանանի խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին անցած մայիսին, և Նաջիբ Միղաթին առաջադրվեց նոր կաբինետ ձևավորելու համար: Սակայն 4 ամիս անց դա նրան դեռևս չի հաջողվել: Իսկ պատճառը նախագահ Միշել Աունի հետ տարաձայնություններն են:

Եվ հիմա փակուղի է ձևավորվում նաև նախագահի ընտրության հարցում: Դեռևս չի հայտարարվել  թե երբ կկայանա խորհրդարանի հաջորդ նիստը: 2013-ին Լիբանանը նույնպես փակուղու առաջ կանգնեց կաբինետի ձևավորման հարցում, և Աունը նախագահ դարձավ քաղաքական վակուումից հետո, որը տևեց 29 ամիս:

Այս իրավիճակը կարող է ավելի բարդացնել Լիբանանի քաղաքական ու տնտեսական խնդիրները: Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին ընդգծել է նախագահ Միշել Աունին փոխարինող նոր նախագահ ընտրելու անհրաժեշտությունը և հավելել, որ նախագահին ժամանակին ընտրելն ավելի քան անհրաժեշտ է։

 

Պիտակ