Oct 21, 2019 12:09 Asia/Tehran
  • Թուրքիան մերժում է Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին մեղադրանքները

Թուրքիայի պաշտպանության նախարարը հերքել է Սիրիայի հյուսիսում քրդական խմբավորումների դեմ քիմիական զենքերի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման մասին տարածված լուրերը:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում «Խաղաղության աղբյուր» գործողության ժամանակ արգելված զենքեր չեն օգտագործվել և իրենց պահեստներում նման զենքեր չկան :

Անդրադառնալով Սիրիայի դեմ ռազմական ոտնձգությանն առնչվող դեպքերին, Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է.«Թուրքիան երբեք թույլ չի տա, որպեսզի իր սահմանների դեմ սպառնալիք ուղղվեն»:

Նա նշել է, որ Թուրքիան հարգում է հարևան պետությունների, հատկապես Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Սիրիայում ռազմական գործողության ընթացքում խաղաղ բնակչությունը չի տուժելու: Անկարայի նպատակն է հալածել Թուրքիայի կառավարության ընդդիմադիր քրդերին:

Սիրիայի դեմ Թուրքիայի ռազմական ոտնձգությունից հետո, վիրտուալ տարածքում լուրեր են շրջանառվել, թե Թուրքիան քիմիական զենքեր ու ֆոսֆորային ռումբ է օգտագործել Ռաքքայի և Հասաքեյի շրջաններում:

Անցած հոկտեմբերի 9-ից, «ահաբեկչության դեմ պայքարի» և «Թուրքիա-Սիրիա սահմանը քրդերի ներկայությունից մաքրելու» պատրվակով, Թուրքիայի բանակը ռազմական ոտնձգություն է իրականացնում Սիրիայի տարածքի դեմ: Սիրիայի ժողովուրդն ու կառավարությունը և միջազգային հասարակությունը խիստ դատապարտել են այդ ոտնձգությունը:

Պիտակ

Մեկնաբանություններ