Փետրվար 24, 2020 19:44 Asia/Tehran
  • Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը համաշխարհային տնտեսության վրա և որ ոլորտներն առավել շատ կտուժեն. The Guardian-ի անդրադարձը

Չինաստանին պատուհասած և այժմ մի քանի տասնյակ երկրում տարածված կորոնավիրուսը մեծ վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը, գրում է The Guardian-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում արդյունաբերական ակտիվությունը կտրուկ անկում է արձանագրել, փակ են գործարաններն ու արտադրամասերը: Կարանտինի շրջանակում ձեռնարկվող քայլերը, որոնց նպատակն է կանխել վարակի տարածումը, խախտել են ապրանքների մատակարարման շղթաները, ինչը վատ հետևանքներ է ունենում ամբողջ աշխարհով մեկ գործող ընկերությունների համար:
Երկրի նախագահ Սի Ծինփինը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսը մեծ ազդեցություն կունենա թե՛ երկրի տնտեսության, թե՛ հանրության վրա: Միևնույն ժամանակ երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ ամենը կլինի կարճաժամկետ և վերահսկելի, քանի որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն վնասի հետևանքները մեղմելու ուղղությամբ:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան նշել է, որ վարակի հետագա տարածումը սարսափելի հետևանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար, ուստի՝ հարկավոր է գլոբալ համագործակցության ճանապարհով գնալ:
Նա նաև նշել է, որ ԱՄՀ-ն ստեղծված իրավիճակում պատրաստ է աղքատ երկրներին ֆինանսապես օգնել՝ տրամադրելով դրամաշնորհներ:
Ավիատրանսպորտի միջազգային ընկերակցությունը, որը գլոբալ ավիաոլորտի առևտրային մարմինն է, նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի հետևանքով ավիափոխադրումների նվազումն այս տարի ոլորտին 29,3 մլրդ դոլարի վնաս կպատճառի, ինչը վերջին տասը տարում աննախադեպ ցուցանիշ է:
Ըստ վերլուծաբանների՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին առավել շատ կտուժեն տրանսպորտային ընկերությունները, ավիաընկերությունները, լյուքս դասի արտադրանքով զբաղվող բրենդները, վերավաճառող ընկերությունները, զբոսաշրջային գործակալությունները: Պատճառն այն է, որ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում՝ Չինաստանում, սպառողները տնից դուրս չեն գալիս, խանութներն ու գործարանները չեն աշխատում, իսկ զբոսաշրջիկներն էլ չեղարկում են Չինաստանի հետ կապված բոլոր ծրագրերը:
Նշենք, որ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2200-ը, իսկ ինչ վերաբերում է վարակակիրներին, ապա նրանց թիվը հատել է 76 000-ի շեմը:

Tert.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ