Հուլիս 16, 2020 08:37 Asia/Tehran
  • Ես չկարողացա գտնել նրան. Իլհամ Ալիևը խիստ քննադատության է ենթարկել Էլմար Մամեդյարովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։

«Կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը կարող էր լինել առավել արդյունավետ։ Ես բազմիցս նշել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է լինի հարձակողական, այլ ոչ թե պասիվ, պաշտպանողական։ Չպետք է լինի դիվանագիտություն, որը վախենում է արտահայտվել, որպեսզի բավարարի ինչ-որ մեկին»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ասել է Ալիևը նախարարների կաբինետի նիստում, որը վերաբերել է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

«Չնայած իմ հանձնարարականներին՝ ես նախարարից չեմ տեսել արդյունք։ Ցավոք, վերջին ժամանակներս մեր դիվանագիտությունը համատեղելի չէ մեր երկրի զարգացման հաջողությանը, որոշ դեպքերում այն զբաղված է անմիտ աշխատանքով, անմիտ բանակցություններով։ Ի՞նչ բանակցություններ կարող են լինել թշնամու հետ կորոնավիրուսի հարցով։ Դա աբսուրդ է։ Ի՞նչ է, մենք համագործակցությո՞ւն ենք սկսել Հայաստանի հետ»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով, «ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետն ասում է, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ «Ես պատասխանում եմ, ԱԳՆ-ն այդ հայտարարությանն ինչ-որ կերպ արձագանքե՞լ է, թե՝ ոչ։ Ես չեմ լսել, ինչպես և Ադրբեջանի ժողովուրդը։ Ո՞վ պետք է դա անի առաջին հերթին։ ԱԳՆ-ն լռում է»,- ասել է Ալիևը՝ խիստ քննադատության ենթարկելով Մամեդյարովին։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հուլիսի 12-ից սկսած իրադարձություններին։

«Ի՞նչով էր զբաղված ԱԳ նախարարը։ Ո՞րտեղ է նա եղել։ Հուլիսի 12-ի իրադարձություններից հետո մենք եղել ենք աշխատանքի։ Վարչապետն աշխատանքի է, ես աշխատանքի մինչև առավոտ։ Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Ներքին գործերի նախարարը, հետախոզության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատում են մինչև առավոտ։ Ես չկարողացա գտնել արտգործնախարարին։ Ես հարցրեցի Ալի Ասադովին (վարչապետ), ո՞րտեղ է նա։ Ի՞նչ է նա ասել քեզ։ Ասա»,- դիմելով Ասադովին՝ հարցրել է Ալիևը։

Ասադովը պատասխանել է. «Նա (Մամեդյարով) ասաց, որ աշխատում է տանից։ Ես զանգահարեցի նրան։ Ես նշեցի. ասա ինձ ժամերով, ո՞րտեղ ես դու եղել։ Նա կրկին ասաց, թե աշխատել է տանից, որ լսել է այդ մասին (Հայաստանի հետ սահմանին իրադարձությունների) ցերեկը ժամը 3-ին։ Այնուհետև նա ասաց, որ խոսել է Հիքմեթ Հաջիևի հետ (նախագահի օգնական) հեռախոսով երեկոյան 6-7-ի կողմերը։ Ես նրան եմ փոխանցել հանձնարարականները, որոնք դուք նրան տվել եք, և ասել, որ այդպես չի կարելի, մենք բոլորս աշխատանքի վայրում ենք։ Գործընթացները ղեկավարվում են պարոն նախագահի կողմից։ Որպես արտգործնախարար դուք պետք է անեք այն հանձնարարականները, որոնք նախագահը տվել է։ Ես հարցրեցի, թե ինչո՞ւ եք դուք աշխատում տանից։ Դուք պետք է գաք աշխատանքի։ Խնդիրն այդպես է դրվել։ Դրանից հետո իրադարձությունները հայտնի են»,- ասել է Ասադովը։ 

Armenpress.am