Օգոստոս 05, 2020 14:28 Asia/Tehran
  • Հոգլանդի ուշագրավ խոստովանությունը. ՄԱԿ-ը կարո՞ղ է փոխարինել Մինսկի խմբի ձևաչափին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Մինսկի խումբը երբևէ չի կարողանալու լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

«Կարծում եմ, որ այն պետք է դառնա ՄԱԿ-ի խնդիր, և միակ ճանապարհը կլինի, որ Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ։ Եվ հետագայում, տարիներ անց, երբ միգուցե հույզերը նվազեն, երկու կողմերն էլ կարող են առաջ քաշել իրենց ցանկություններն ապագայի համար՝ ՄԱԿ-ի առաջնորդության ներքո։ Սա իմ անձնական տեսակետն է, որին հանգել եմ համանախագահ լինելու ընթացքում»,- ասել է Հոգլանդը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Հոգլանդի դիտարկումների հետ համաձայն չէ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեհրաբյանն ասաց. «Ընդհանրապես ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի կողմից խնդրի լուծման ձևաչափից ՄԱԿ տեղափոխելուն, ես չեմ կարծում, որ դա լավ գաղափար է, ավելին՝ կարծում եմ, որ դա վատ գաղափար է։ Իսկ հարցին՝ Մինսկի խումբը կարո՞ղ է, թե՞ ոչ, նախ՝ Մինսկի խումբը բաղկացած է երեք երկրից, եռանախագահություն է, և եռանախագահության կարողությունները կապված են այդ երեք երկրների ջանքերի հետ։ Դրանք որքան էլ ունենան հակառակ դրդապատճառներ, այնուամենայնիվ Մինսկի խմբի համանախագահությունն այսօր այն ունիկալ ձևաչափն է միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգում, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցում են։ Եվ կախված է եռանախագահության կողմից հակամարտության մասնակիցների հետ տարվող աշխատանքների ծանրությունից։ Եթե խնդիր է դրվում կառավարել կոնֆլիկտը, ինչն այս պահին իրատեսական է, ապա այս պահին առաջ տանելու համար պետք է մեկ բան՝ Ալիևի ռեժիմին բերել կոնստրուկտիվ դաշտ»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ դա կախված է ոչ թե Մինսկի խմբից, այլ Մինսկի խմբի եռանախագահող երկրների քաղաքական կամքից. «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա ՄԱԿ-ն ընդհանրապես որևէ կարողություններ չունեցող կառույց է և կոնֆլիկտների կարգավորման առումով խիստ անհաջող է։ Որպես բացառություններ կարող ենք կոնֆլիկտներ նշել, որտեղ ՄԱԿ-ն օգտակար է եղել, բայց հիմնականում ավելի է խորացրել ամեն ինչ իր անկարողության բերումով։ Ուստի ես իմաստ չեմ տեսնում Ղարաբաղի վրա ՄԱԿ-ի մանդատ դնել։ Լեռնային Ղարաբաղը, ԼՂ-ը (Արցախի Հանրապետություն) ինքն իր հարցերն առանց այդ մանդատի էլ լուծում է։ Պետք է ընդամենը երկու բան՝ նախևառաջ, որ Ադրբեջանը չկրակի, պետք է ներդրվեն մեխանիզմները, պետք են ճնշումներ Ալիևի բռնապետության վրա, և պետք է, որ Թուրքիայի մռութն այս տարածաշրջանից հեռու քաշվի»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այլ կարծիք ունի: «Ես էլ եմ բազմիցս հայտնել այն կարծիքը, որ ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղ կարգավորման ֆորմատն ունի մի շարք թերություններ, որոնք առաջացել են ի սկզբանե և առնչություն չունեն բուն  ԼՂ-ի (Արցախ) խնդրի հետ, այլ՝ Խորհրդային Միության տապալման գործընթացի և այդ ժամանակ գործող ընդհանուր մոտեցումների հետ։ Խնդիրը հետևյալն է. միջազգային հանրությունը չէր կարող ճանաչել Ադրբեջանի անկախությունը, մինչև Ադրբեջանն իր վրա չվերցներ պարտականություն՝ ԼՂ-ում (Արցախ) անցկացնել հանրաքվե։ Միջազգային իրավունքի նորմերից բխում էր նման պահանջ՝ Խորհրդային Միության այն հանրապետությունները, որոնց տարածքում ավտոնոմ միավորներ կան, պարտավոր էին այդ մարզերում, այդ հանրապետություններում ապրող մարդկանց կարծիքը հարցնել։ Ըստ Խորհրդային Միության օրենսդրության՝ այդ միավորներն ունեին ինքնորոշման իրավունք։ Մինսկի ֆորմատն անտեսում է այդ հանգամանքը, և սա իհարկե ստեղծում է Մինսկի խմբի ֆորմատի գլխավոր խնդիրը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ իրականում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող լինել բանակցությունների առարկա. «Դա Խորհրդային Միության օրենքով ու Սահմանադրությամբ պաշտպանված իրավունք է, որը ոչ թե Ադրբեջանը պետք է շնորհի Արցախին, այլ պետք է ընդունի, որ խախտել է այդ իրավունքը, ու պարտավոր է այդ խախտումը վերականգնել։ Տեսնում ենք, որ բանակցություններում դա այդպես չէ, այդ հարցը բանակցություններում ներկայացվում է որպես կոմպրոմիս, որ դա զիջում է Ադրբեջանի կողմից, բայց դա իրականում զիջում չէ։ Ճանաչել խախտված իրավունքը զիջում չէ, օրինական կարգավիճակի վերականգնում է։ Տրամաբանական ու օրինաչափ է ինձ համար, որ Մինսկի խմբի նախկին համանախագահներից մեկը խոստովանում է, որ այդ ձևաչափում կան խնդիրներ։ Նախևառաջ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է հաստատվի ու դուրս գա բանակցությունների առարկայի շրջանակից, դրանից հետո արցախյան խնդրի կարգավորումը շատ արագ կհանգուցալուծվի։ Գլխավոր խոչընդոտը հենց սա է»։

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ