Օգոստոս 09, 2020 12:23 Asia/Tehran
  •  Բաքվի անսպասելի ակնարկը Մոսկվային. ԵՏՄ հանուն Նախիջեւանի

Ադրբեջանական պրոպագանդայի առաջամարտիկ հարթակներից մեկը որոշել է անդրադառնալ Եվրասիական տնտեսական միության ապագային, արձանագրելով, որ թեեւ միությունը ներկայումս մեղմ ասած լավ վիճակում չէ, բայց ամեն ինչ դեռ առջեւում է:

Ադրբեջանական պրոպագանդան հորդորում է դիմանալ, մնալ տնտեսական միության շրջանակում եւ ձեւավորել գրավիչ մոդել նրանց համար, ովքեր հայացք են նետում ԵՏՄ ուղղությամբ:

Ինչու՞ են Բաքվում որոշել մտածել ԵՏՄ ապագայի մասին, երբ Ադրբեջանն այդ միության անդամ չէ եւ ավելին՝ միության անդամ է Հայաստանը, որի հետ կա քաղաքական կոնֆլիկտ:

Բաքուն ըստ ամենայնի փորձում է գրավել Ռուսաստանի ուշադրությունը, խաղարկելով եվրասիական տրամադրության խաղաքարտը, իհարկե ոչ առաջին անգամ: Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանին առեւտու՞ր առաջարկել, այս անգամ Հայաստանի տավուշյան ապտակը ստանալուց հետո: Գաղտնիք չէ, որ Բաքվի համար Եվրասիական միությանն անդամակցելու հարցը Արցախի հարցում Մոսկվայի հետ փոխանակման առարկա է: Ամբողջ խնդիրն այն է, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ մի դեպքում՝ եթե չկա Հայաստան:

Մինչդեռ, Տավուշում բոլորը տեսան հենց այն, որ կա Հայաստան, եւ ռազմա-քաղաքական նոր կշռով ու բովանդակությամբ Հայաստան: Թուրքիան ու Ադրբեջանը Տավուշից հետո անցան ուժի ցուցադրության՝ մեծ զորավարժության, նաեւ բավականին նկատելի դժգհություն հայտնելով Ռուսաստանի դիրքորոշումից: Ավելին, Էրդողանի խոսնակը չթաքցրեց, որ Թուրքիայի նախագահը զանգահարել ու խնդրել է Պուտինին օգտագործել Հայաստանի հետ կապը լարվածության թուլացման հասնելու համար: Այլ կերպ ասած, հորդորել են ճնշել Հայաստանին:

Երեւանին սակայն ներկայում ճնշելը խնդրահարույց է: Ավելին, հայ-ռուսական լարվածության մասին տարաբնույթ «ահազանգերն» ու ակնարկները խոսում են այն մասին, որ ճնշման ավանդական մխանիզմները չեն գործում: Մոսկովյան ազդեցիկ մի թեւ նկատելիորեն փորձում է վերականգնել հայ-ռուսական հարաբերության մինչհեղափոխկան ստատուս-քվոն, մյուս կողմից սակայն Ռուսաստանը զգաց Տավուշում հայկական հաղթանակի շնորհիվ Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ նաեւ իր քաղաքական առավելության համը:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու, ներկայում Բաքվի դե ֆակտ արտգործնախարար,Հիքմեթ Հաջիեւը ռուսական պաշտպանական հանդեսներից մկին տված հարցազրույցում նշել էր, որ Ադրբեջանը որեւէ նկրտում չունի Հայաստանի պետական սահմանի հանդեպ: Այլ կերպ ասած, Հաջիեւն ակնարկել էր, որ Բաքուն մտադիր չէ անհարմար դրության առաջ դնել Ռուսաստանին, իսկ տավուշյան սադրանքն էլ այլ ձեռքի գործ է: Հաջիեւի այդ հայտարարությունն առավել հետաքրքիր էր հնչում Թուրքիայի հետ զորավարժությունը նաեւ Նախիջեւանում անցկացնելու ֆոնին, կարծես ակնարկով, որ Անկարան է Բաքվին մղում Մոսկվայի դեմ՝ Հայաստանի սահմանի միջով:

Ահա այդ ֆոնին ադրբեջանական պրոպագանդայի առաջատար հարթակներից մեկում ԵՏՄ  ապագայի մասին հոգածությամբ անդրադարձը առեւտրի ակնարկ կամ առնվազն Ռուսաստանում տրամադրություն շոշափելու միջոց լինելով, Բաքվի համար ներկայում «փոխանակման քարտ» է Թուրքիայի ազդեցության հարցում: Բաքվից փորձ է արվում ակնարկել Մոսկվային, որ պատրաստ են Ռուսաստանի հետ հարաբերվել Թուրքիայից անկախ, ոչ թուրքական օրակարգով:

Բայց ի՞նչ օրակարգով, եթե ոչ ԼՂ-ի ( Արցախ): Արդյոք Բաքուն Մոսկվայի հետ ուզում է քննարկել այլեւս Նախիջեւանի հարցը, փորձելով կորզել այն վերջնական թուրքական ենթակայությունից: Իհարկե Ադրբեջանը գուցե փորձում է հարցը բերել նաեւ ԵՏՄ կուլիսային օրակարգ, ՀԱՊԿ օրակարգում հայտնվելու որեւէ հեռանկար կանխելու համար:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/         
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Մեկնաբանություններ