Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ- ի (Արցախ) անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև
305 կողմ ձայներով Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂ- ի (Արցախ) անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև։
Բանաձևը ենթադրում է ԼՂ-ի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գրավական:
Սենատորները քննարկման ժամանակ անդրադարձել են ԼՂ- ի (Արցախ) դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությանը:
Այժմ պետք է Ֆրանսիայի Ազգային ժողովը ևս կողմ քվեարկի, որպեսզի ԼՂ-ի ( Արցախ) անկախության ճանաչումը Ֆրանսիայի կողմից դառնա օրենք՝ նախագահի կողմից վավերացվելուց հետո:
Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.
. առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
. դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,
.պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։
Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio