Մարտ 02, 2021 18:34 Asia/Tehran
  • Թուրքիան չի թաքցնում Ղարաբաղի հանդեպ իր ախորժակը

Թուրքիան չի էլ մտածում Ղարաբաղի հանդեպ իր ախորժակը թաքցնելու մասին՝ որպես վճար Ադրբեջանին մատուցած «ծառայությունների» դիմաց:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն մարտի 2-ին Անկարայում հանդիպել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ, հայտնում է Turan-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը: Չավուշօղլուն «հայտնել է պաշտոնական Անկարայի պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում հայկական օկուպացիայի տարիներին Ադրբեջանի մշակութային ժառանգության վնասված օբյեկտների վերականգնմանը»: Թուրք պաշտոնյան հայտարարել է նաեւ Անկարայի պատրաստակամության մասին՝ Բաքվին աջակցելու «բոլոր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում»:

Թե Բաքուն ինչպես է կատարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրանները՝ ակնհայտ ցուցադրեց Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան (2004 թվականին) Մեհրիբան Ալիեւան: Այս տիկինն ամուսնու՝ Ադրբեջանի նախագահի հետ միասին ոչինչ ավելի խելացի չի գտել, քան օկուպացված Ղարաբաղում հայատառ վահանակը ոտքերով տրորելը: Ճիշտ այսկերպ են իրենց պահել ադրբեջանցի զինվորները՝ կրակել են հուշարձանների վրա, ավերել եկեղեցիները, կոտրել շիրմաքարերը, եւ իրենց «հերոսությունները» հրապարակել են համացանցում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե Ադրբեջանի իշխանություններն ինչպես են պատրաստվում մշակութային ժառանգությունը «վերականգնել» Ղարաբաղի օկուպացված հատվածում: Բոլորը դեռեւս հրաշալի հիշում են, թե դա ինչպես է տեղի ունեցել Նախիջեւանում: Ադրբեջանի իշխանությունները ծանր տեխնիկայով, բուլդոզերներով են «վերականգնել» հայկական ժառանգության եզակի խաչքարերը՝ մինչեւ շինարարության համար մանրախճի վիճակի հասցնելով: Այդ ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բավարարվեց թեթեւ հանդիմանանքով: Հիմա Ադրբեջանի իշխանություններն այդ կազմակերպության ներկայացուցիչներին ուղղակի թույլ չեն տալիս մուտք գործել օկուպացված շրջաններ: Հավանաբար, մինչեւ որ Թուրքիայի օգնությամբ «վերականգնեն» մշակութային ժառանգությունը:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ