Հուլիս 22, 2021 19:34 Asia/Tehran
  • Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների անհապաղ մեկնարկը կարող է դեէսկալացիա ապահովել. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին եւ, անշուշտ, Ղարաբաղում տիրող իրավիճակին, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իհարկե, մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսեւորմամբ, ինչը ծայրաստիճան բացասաբար է ազդում տարածաշրջանային իրավիճակի վրա եւ չի նպաստում Երեւանի ու Բաքվի երկխոսության կարգավորմանը, երկու կողմերի բնակչություններից չարդարացված կորուստներին», - նշել է նա: Այս կապակցությամբ Զախարովան ցավակցություն է հայտնել զոհված հայ զինծառայողի ընտանիքին ու հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել սահմանային միջադեպերի արդյունքում տուժածներին:

«Մեր դիրքորոշումը հայտնի է՝ սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ​​ճանապարհով: Չափազանց կարեւոր է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից եւ ուժային մեթոդներից: Փոխադարձաբար ընդունելի փոխզիջումներ փնտրելու համար անհրաժեշտ է համակարգված, քրտնաջան աշխատանք: Մենք երկու կողմերին հենց դրան ենք տրամադրում», - հայտարարել է նա:

Ըստ նրա՝ Մոսկվան համոզված է, որ «կայուն դեէսկալացիան կարող է ապահովվել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հետագա աշխատանքների անհապաղ մեկնարկի եւ դրան հաջորդող սահմանագծման միջոցով»: «Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին մեր քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումներին կառուցողական ընթացք տալ: Ներկայումս այս թեմայի շուրջ շփումները շարունակվում են ԱԳՆ-ի եւ ՊՆ-ի, ինչպես նաեւ երեք երկրների սահմանային ծառայությունների միջեւ»:

Զախարովան հիշեցրել է, որ տարածաշրջանային կայունությունը ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հուլիսի 7-ին եւ Ադրբեջանի նախագահի հետ հուլիսի 20-ին տեղի ունեցած բանակցությունների օրակարգի գլխավոր հարցն էր: «Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները, չնայած տարածաշրջանում խնդիրների բարդությանը եւ մասշտաբայնությանը, հաստատեցին իրենց վճռականությունը` շարունակել համատեղ գործունեությունը օպտիմալ լուծումներ գտնելու համար, եւ վճռականորեն հավատարիմ մնացին 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ սույն թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների հետեւողական եւ համապարփակ իրականացմանը: Մենք գոհունակությամբ նշում ենք, որ երեք երկրների ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան ստեղծված աշխատանքային խումբը անցկացրել է բովանդակային քննարկումների մի քանի փուլ եւ նախանշել տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները: Հուսով ենք, որ մոտ ապագայում խումբը կվերսկսի նիստերը, ինչը թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք լիովին համապատասխանում են Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ամբողջ Հարավային Կովկասի շահերին», - ասել է Զախարովան: 

Նրա խոսքով՝ ռուսական կողմը շարունակում է զգալի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման եւ խաղաղ կյանքի հաստատման գործում, կարգավորում է հրատապ մարդասիրական խնդիրները՝ ներառյալ ​​ռազմագերիների վերադարձը, ինչպես նաեւ զոհվածների աճյունների վերադարձը/փոխանակումը: «Մենք աջակցում ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության միջոցների կառուցմանը, շարունակում ենք աշխատել ՄԱԿ ՓԳՀ եւ ՅՈՒՆԵՍԿՕ առաքելությունների՝ տարածաշրջան մուտքն ապահովելու ուղղությամբ»:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio