Հոկտեմբեր 18, 2021 18:33 Asia/Tehran
  • Ռուսաստանը դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ -ի ռազմական առաքելությունը

Ի պատասխան ՆԱՏՕ–ից ռուսաստանցի դիվանագետներին վռնդելու որոշման՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ դադարեցվում է ՌԴ–ում ՆԱՏՕ–ի առաքելության գործունեությունը։

Ռուսաստանը դադարեցնում է իր երկրի տարածքում ՆԱՏՕ -ի ռազմական առաքելության գործունեությունը, իսկ դրա աշխատակիցների հավատարմագրումը չեղարկում է՝ ի պատասխան ՆԱՏՕ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ութ աշխատակիցների հավատարմագրումը չեղարկելու` Հյուսիսատլանտյան դաշինքի որոշման։

Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: ՆԱՏՕ -ի անձնակազմի հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել նոյեմբերի 1–ից։ Նույն օրը դադարեցվելու է նաև Բրյուսելում ՆԱՏՕ -ի ռուսաստանյան ներկայացուցչության գործունեությունը:

«Հենց այսօր մենք հայտարարեցինք մեր քայլերի մասին։ ՆԱՏՕ -ի միջազգային քարտուղարությունը տեղեկացվել է», - ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է նաև Մոսկվայում ՆԱՏՕ -ի տեղեկատվական բյուրոյի աշխատանքը:

Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի հետ շփումների համար ՆԱՏՕ -ն այժմ պետք է դիմի Բելգիայում Ռուսաստանի դեսպանին։

Ավելի վաղ ՆԱՏՕ -ն իր առաքելությունից վտարել էր ռուս դիվանագետներին: Մոսկվան հայտարարել էր, որ այդ քայլն անպատասխան չի մնա: Ի դեպ, հոկտեմբերի 16-ին ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Twitter- ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ առաջիկայում կայցելի Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։