Դեկտեմբեր 26, 2021 18:47 Asia/Tehran
  • Օգտագործած դիմակն աղբամանը գցելուց առաջ պարզապես հիշեք․․․

Covid-ը ոչ միայն առողջապահական խնդիր է, այլև դրա հետևանքով գոյացած թափոնները ողջ աշխարհում առաջացրել են բնապահպանական լրջագույն խնդիրներ։

Շատ գիտնականներ այն որակում եմ որպես «էկոլոգիական ռումբ՝ մոլորակի համար»։ Հայաստանը ևս բացառություն չէ և այստեղ նույնպես ունենք հիգիենիկ պարագաների թափոնների կառավարման խնդիր։ Խոսքը ոչ թե բուժական կենտրոններում առաջացած թափոնների մասին է, այլ պարզապես փողոցում նետված ներարկիչների և հատկապես դիմակների մասին։

«Ամեն քայլափոխին տեսնում ենք ներարկիչներ, բինտ։ Բայց ամենից սարսափելին այն է, որ ամբողջ քաղաքը կորած է դիմակների մեջ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թռչնաբան Սիլվա Ադամյանը։

Ըստ նրա՝ շատ դեպքերում մարդիկ օգտագործված դիմակից կամ ձեռնոցից ազատվելու ամենից դյուրին ճանապարհն են ընտրում՝ ուղղակի նետում են փողոց։

Մաստնագետի խոսքով՝ խնդիրը լուրջ է ոչ միայն հիգիենայի տեսանկյունից, այլև դրանք էական վնաս են հասցնում կենդանիներին ու թռչուններին։

«Նախ այն, որ քաղաքում ունենք թափառող կենդանիներ՝ շներ ու կատուներ, որոնց միջոցով այդ աղբը ցրվում է քաղաքով մեկ։ Արդյունքում կարող ենք ունենալ այս հիվանդության խիստ տարածում՝ կենդանիների միջոցով։ Սա լուրջ խնդիր է, սակայն պատկան մարմինների կողմից հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում։ Սա և′ առողջապահական, և′ բնապահպանական խնդիր է։ Այդ նույն թափոնները հայտնվում են նաև թռչունների բներում։ Մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք դրանցից բներ պատրաստում։ Մասնավորապես՝ կաչաղակների, ագռավների բներում են հայտնվում։ Ես բազմաթիվ անգամ տեսել եմ, նրանց կտուցներին խճճված այդ դիմակները»,- ներկայացնելով մեր երկում իրավիճակն՝ ասաց Սիլվա Ադամյանը։

Ստացվում է, որ Քովիդի մարտահրավերներից է նաև շրջակա միջավայրի ու կենդանական աշխարհի պաշտպանությունը։ Այս հարցը հաճախ շոշափվում է նաև միջազգային գիտական հանրության շրջանում։

Ըստ պնդումների՝ մեկանգամյա օգտագործման դիմակների բաղադրությունում կան նյութեր, որոնք աղտոտում են ջուրն ու հողը: Դրանք նաև վտանգի աղբյուր են վայրի բնության համար:

Երկարաժամկետ հեռանկարում այդ մասնիկները կարող են մտնել շրջակա միջավայր, դրանք չլուծվելով հողում և ջրում, իրենց վրա կարող են կուտակել այլ նյութեր, օրինակ՝ ծանր մետաղներ կամ օրգանական նյութեր:Դրանք դառնում են նաև կեր կենդանիների համար։ Օրինակ՝ ծովային կենդանիների պարագայում նշվում է, որ ուտելուց հետո, միկրոպլաստիկները կարող են արդեն սննդի շղթայով անցնել մարդկանց և վտանգ ներկայացնել մեր առողջության համար: 

Թերևս սրանով է պայմանավորված բնապահպանների ահանգստությունը՝ ամենուր հայտնաբերում են ցամաքային ու ծովային կենդանիների, որոնց ոտքերը, կտուցն ու վիզը խճճված են լինում դիմակի մեջ՝ անհնարին դարձնելով նրանց տեղաշարժն ու կերակրվելը։

«Իմ արտասահմանցի գործընկերներից մեկը վերջերս լուսանկար ուղարկեց, որտեղ պատկերված է, թե ինչպես է դիմակը խճճվել կապիկի ձեռքի մեջ և նա չի կարողանում ազատվել դրանից։ Այս խնդիրը համատարած է»,- ասաց Ադամյանը։

Ամեն օր ամբողջ աշխարհում մարդիկ ազատվում են տոննաներով մեկանգամյա օգտագործման դիմակներից և ձեռնոցներից: Բայց նույնիսկ աղբամանում դրանք վտանգ են ներկայացնում վայրի կենդանիների և թռչունների համար, քանի որ դրանք հաճախ քամին տանում է ինչպես փողոցում տեղադրված աղբամաններից, այնպես էլ աղբավայրերից: Հետևաբար չի խրախուսվում դիմակները նետել փողոցային աղբամանների մեջ։

Ի՞նչ պետք է անել։

Ըստ բնապահպանների՝ յուրաքանչյուր ոք, որն օգտագործում է մեկանգամյա օգտագործման դիմակ, կարող է նվազագույնի հասցնել վնասը՝ սեփական գործողություններով։ Օրինակ՝ օգտագործած դիմակն աղբամանը գցելուց առաջ պարզապես պետք է դիմակից կտրել կապերը կամ թելերը։ Մի քանի վայրկյան կպահանջվի դրա համար, բայց դա կարող է փրկել ինչ-որ մի կենդանու կամ թռչնի  կյանք․․․

tert.am

 

 

 

Պիտակ