Հունվար 11, 2022 19:22 Asia/Tehran
  • Շոյգու. ՀԱՊԿ խաղաղապահների տեղափոխումը Ղազախստան ընդամենը երեք օր է տեւել՝ սիրիական եւ ղարաբաղյան փորձի շնորհիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական խաղաղապահ ուժերը իրենց առաքելությունը Ղազախստանում կավարտեն իրավիճակի ամբողջական կայունացումից հետո, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից առաջադրանքների կատարումը կիրականացվի մինչեւ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի լիովին կայունացումը, բնականաբար, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության որոշմամբ»,- ասել է Շոյգուն։

Նախարարի խոսքով՝ «ներկայումս ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կարեւոր ռազմական, պետական եւ սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրներ են իրականացնում»։

«Կարճ ժամանակում` ընդամենը երեք օրվա ընթացքում, Ռուսաստանի ՕՏՈՒ ինքնաթիռներով տեղափոխվեց անձնակազմ եւ տեխնիկա: Դա հնարավոր դարձավ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գործողությունների բարձր համակարգվածության եւ օպերատիվության շնորհիվ, որոնք ձեռք են բերվել համատեղ զորավարժությունների արդյունքում, ինչպես նաեւ Սիրիայում ռուսական զորքերի ու Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայման ընթացքում ձեռք բերված փորձի շնորհիվ»,- նշել է նախարարը։

news.am

Պիտակ