Հունվար 15, 2022 20:37 Asia/Tehran
  • Բաքուն ողջունում է հայ-թուրքական շփումների մեկնարկը

Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով երկրների միջև շփումների մեկնարկը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա խաղաղության և կայունության ուղղությամբ։ Այդ նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք հայ-թուրքական շփումների մեկնարկին, որոնց նախաձեռնողը Թուրքիան է։ Հավատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նաև պայմանավորում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը»,-Խալաֆովի խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով` վստահության ամրապնդման համար պետք է երկրների միջև բացվեն հաղորդակցությունները, վերականգնվեն, կարգավորվեն կապերը։ Միանշանակ անհրաժեշտ է հրաժարվել թշնամական տրամադրություններից, թշնամական գաղափարախոսությունից։

«Եթե Հայաստանն ուզում է դուրս գալ այսօրվա ծանր սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամից, ապա, բնականաբար, նա պետք է փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում, բարի մտադրություններ ցուցաբերի, գնա հարաբերությունների կարգավորման ճանապարհով, հրաժարվի թշնամանքից, շահի հարևան երկրների վստահությունը։ Վստահության վերականգնման համար երկրները պետք է ճանաչեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը»,-նշել է Խալաֆովը։

Դիվանագետը հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը:

Ինչպես արդեն հայտնել էինք, հունվարի 14–ին Մոսկվայում կայացել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։

armeniasputnik.am