Հունվար 25, 2022 19:44 Asia/Tehran
  • Կառուցվում է Մարտակերտ–Ճանկաթաղ–Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին

Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ:

Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը` հավելելով, որ Արցախում իրականացվող բնակարանաշինության, ջրամատակարարման ու ենթակառուցվածնքերի վերականգնման ծրագրերին զուգահեռ ընթանում են նաև ճանապարհների վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:

«Կառուցվում է Մարտակերտ–Ճանկաթաղ–Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին: Բացի այդ, հիմնանորոգվում են Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ,Վերին Հոռաթաղ,Կոճողոտ, Աստղաշեն-Պատարա, Դահրավ համայնքները և Մարտունու շրջանի Կաղարծին-Պառավաթումբ համայնքները մայրուղուն կապող ճանապարհները»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ անվտանգության ու տնտեսական առաջնահերթությունների`Արցախում բնակավայրերը մայրուղիներին կապող այս ճանապարհների կառուցումը արցախցիներին կտանի նոր հնարավորությունների ուղիով:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հետպատերազմական ժամանակահատվածում հաջողվել է լուծել ամենակարևորը՝ հոսանքի խնդիրը: Հարությունյանի խոսքով՝ շատ հավակնոտ ծրագրեր են սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում:

armeniasputnik.am

 

Պիտակ