Հունվար 26, 2022 11:00 Asia/Tehran
  • Ուկրաինայում լարվածությունն աճում է. 5 երկիր կտարհանեն իրենց դիվանագետներին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նման որոշումը վաղաժամ է անվանել:

Ուկրաինայում ռազմաքաղաքական լարվածության աճի ֆոնին հինգ երկիր՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Կանադան, հայտարարել են Ուկրաինայից իրենց դիվանագետների մի մասին և նրանց ընտանիքներին Ուկրաինայից տարհանելու որոշման մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հաղորդել էր, որ Ուկրաինայում գտնվող 129 դիվանագիտական ներկայացուցչությունից միայն չորս երկրի՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրալիայի դեսպանություններն էին Կիևին հայտնել իրենց աշխատակիցներին տարհանելու որոշման մասին: Ավելի ուշ այդպիսի որոշման մասին հայտարարել է նաև Կանադայի արտգործնախարարությունը:

Ըստ պարբերականի` ճապոնական Kyodo-ի աղբյուրները հաղորդել են, որ Ճապոնիայի կառավարությունը նույնպես դիտարկում է Ուկրաինայից իր քաղաքացիներին (այդ թվում դեսպանատան աշխատակիցներին) տարհանելու անհրաժեշտությունը: Այդ երկրները նաև հորդորել են իրենց քաղաքացիներին խուսափել Ուկրաինա ուղևորություններից։

Կուլեբան նշված երկրների որոշումը վաղաժամ է համարել: Ուկրաինայի իշխանությունների կարծիքով՝ դրա համար իրական հիմքեր չկան:

Վերջին ամիսներին Արևմուտքում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին։ Կրեմլում դրանք անվանել են լարվածության դատարկ ու անհիմն հրահրում։

Ընդ որում, Մոսկվայում չեն բացառել, որ դա արվում է Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամի ուժային լուծման փորձն արդարացնելու համար և նախազգուշացրել են, որ Կիևի` նման գործողություններն ամենալուրջ հետևանքներն են ունենալու:

 

armeniasputnik.am