Հունվար 27, 2022 16:01 Asia/Tehran
  • Թուրքիայում ակնկալում են, որ Փաշինյանը կմասնակցի Անթալիայի Դիվանագիտական ֆորումին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին կմասնակցեն 50 նախարարներ և 30 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Մենք համաժողովին հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ Փաշինյանն ասաց, որ հրավիրվածները կարող են մասնակցել ֆորումին։ Մենք ուրախ կլինենք։ Սա վստահության ամրապնդման քայլերի մաս է լինելու», - ասաց նախարարը։

Չավուշօղլուն նաև հավելել է, որ թուրքական կողմը ուրախ կլիներ, եթե Փաշինյանն ինքը մասնակցեր համաժողովին։Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետություն կընդունի հրավերը։

«Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց համենայնդեպս, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո շատ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը, որովհետև եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթն ու հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք», - ասել էր նա։

aysor.am

Պիտակ