Մայիս 18, 2022 20:44 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն չի ասում` ինչով են զբաղվում կենսալաբորատորիաները Հայաստանում․ ՌԴ դեսպանատուն

Ուկրաինայում կենսաբանական նախագծերին մասնակցած կառույցների ներկայությունը Հայաստանում արժանի է մանրակրկիտ վերլուծության: Նման հայտարարություն է արել Հայաստանում ՌԴ դեսպանատունը:

Դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է Հայաստանի հետ արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում:

Դրա ակտիվացմանը նպաստել է 2021 թվականի մայիսին կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ փոխըմբռնման մասին երկկողմ Միջկառավարական հուշագրի ստորագրումը։

«Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում մի շարք հաջողված նախագծեր են իրականացվում, ինչի արդյունքում ապահովվել է սանիտարահամաճարակային իրավիճակի արդյունավետ մշտադիտարկումը, տեղեկատվության փոխանակումը, կարևոր գիտական հետազոտությունների անցկացումը, տեխնիկական և մեթոդական աջակցության ցուցաբերումը Հայաստանի լաբորատոր ցանցի կատարելագործման գործում և պրոֆիլային մասնագետների ուսուցումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ոլորտում երկկողմ համագործակցության շնորհիվ Հայաստանը դարձել է առաջին երկրներից մեկը, որտեղ վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը: Համատեղ աշխատանքները՝ Ռուսաստանից փոխանցված շարժական լաբորատորիաների օգտագործմամբ, թույլ են տվել կանխել ՀՀ տարածքում ժանտախտի և այլ վտանգավոր վարակների դուրս գալը դրանց բնական օջախներից:

Միաժամանակ դեսպանատունը նշում է, որ կենսանվտանգության վերաբերյալ նշված հուշագրի իրագործման համատեքստում Ռուսաստանի մոտ հարցեր են մնում՝ կապված ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ կենսաբանական ոլորտում Հայաստանի փոխգործակցության մասին ստացվող տեղեկատվության հետ, այդ թվում՝ ռազմական գերատեսչությունների գծով։

«ԱՄՆ պաշտպանության նախարարությունն իր կողմից ֆինանսավորվող Ռ․ Լուգարի անվան կենտրոնին (Վրաստան) ուղղորդում է Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ մանրէաբանության և համաճարակաբանության ոլորտում համատեղ գիտական հետազոտությունների ակտիվացման։ Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաև այն մասնավոր արևմտյան ընկերությունների գործունեությունը, որոնք կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Անդրկովկասյան տարածաշրջանում՝ Պենտագոնի շահերից ելնելով, և Հայաստանում այն կառույցների ներկայությունը, որոնք մասնակցել են Ուկրաինայի կենսաբանական նախագծերին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Դեսպանատունը նշում է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչով են նրանք զբաղվում Հայաստանում՝ ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ: Այս գործոնը, բնականաբար, դեսպանատունը հաշվի է առնում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում այսպես կոչված «կենսաբանական լաբորատորիաներ» այցելություններ են կազմակերպվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ մասնագետների համար:

armeniasputnik.am

Պիտակ