Մայիս 23, 2022 22:55 Asia/Tehran
  • Ադրբեջանը պատրաստ է մեծացնել գազի մատակարարումները Եվրոպա. Միքայիլ Ջաբբարով

Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը, ելույթ ունենալով Դավոսի միջազգային տնտեսական ֆորումին, ասել է, որ Ադրբեջանը լրացուցիչ էներգետիկ ռեսուրսներ ունի՝ Եվրոպա գազի մատակարարման ծավալը մեծացնելու համար։

Պատասխանելով Ադրբեջանի եւ Եվրոպայի հարաբերությունների վրա Հարավային գազային միջանցքի հետագա ազդեցության մասին հարցին՝ գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպայի հետ մեկտեղ Ադրբեջանը նաեւ դեպի Վրաստան եւ Թուրքիա հիմնական մատակարարներից է։

«Հետո գալիս են Հունաստանը, Բուլղարիան, Ալբանիան եւ Իտալիան: Ծավալը ներկայումս շատ ավելի մեծ է, քան ձեր նշածը: Երկրորդ հարցը՝ արդյո՞ք մենք գազի ծավալներ ունենք, որոնք չեն մատակարարվում։ Այո, կա»,- ասել է Ջաբբարովը։

Նա էներգետիկ ռեսուրսները մեր օրերի ամենամեծ դիլեման է անվանել:

«Այժմ Ադրբեջանից շատ էներգառեսուրսներ են պահանջվում, մենք դրանք ունենք, եւ փորձում ենք ապահովել շուկան։ Ադրբեջանական գազի արժեքը հարց է, որը չի կարելի անտեսել»,- նրա խոսքերը մեջբերում է Prime-ը:

Ջաբբարովի խոսքով՝ Տրանսկասպյան միջանցքի բացումը մեծ դեր կունենա նաեւ Չինաստանից Արեւմուտք եւ հակառակը էներգիայի եւ բեռնափոխադրումների իրականացման գործում։ Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ հարեւան երկրների հետ արդեն իսկ համապատասխան համատեղ ներդրումային ծրագրեր են մշակվել:

news.am

 

 

Պիտակ