Քարտեզագրական նյութեր կան. ՌԴ ԱԳՆ-ն՝ սահմանազատման հարցում Երևանին և Բաքվին օգնելու մասին
Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։ Ավելին, Մոսկվայի տրամադրության տակ անհրաժեշտ քարտեզագրական նյութեր կան։
Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դա գրանցվել է Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի գագաթնաժողովի վերջում երեք երկրների ղեկավարների հայտարարություններում ու բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ընթացքում», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը եզակի փաստական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման ու սահմանային վեճերի կարգավորման հարցում: Մոսկվայի տրամադրության տակ անհրաժեշտ քարտեզագրական նյութեր կան։ Ռուս գործընկերներն ուրախ կլինեն իրենց փորձով օգնել հայ և ադրբեջանցի բարեկամներին հանձնաժողովի աշխատանքներում:
«Խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար ռուս փորձագետների թիմն արդեն ձևավորվել է», - եզրափակել է Զախարովան:
Նշենք, որ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Արդեն մայիսի 24–ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
armeniasputnik.am