Հունիս 23, 2022 20:26 Asia/Tehran
  • Պեսկովը մեկնաբանել է Չավուշօղլուի հայտարարությունը. Ռուսաստանը ոչ մի հացահատիկ չի գողացել

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե Անկարան Կիեւի խնդրանքով հետաքննություն է սկսել ուկրաինական հացահատիկի գողության մեջ Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ։ Պեսկովը հերքել է այդ պնդումները, գրում է «Կոմերսանտը»։

«Ռուսաստանը ոչ մի հացահատիկ չի գողացել»,- ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով թուրք դիվանագետի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին։

Այսօր՝ հունիսի 23-ին, Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասի հետ հանդիպմանն ասել է, որ Թուրքիան դա իրագործելի է համարում եւ աջակցում է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման ՄԱԿ-ի ծրագրին։ Թուրք նախարարը հորդորել է շուտափույթ լուծել Ուկրաինայի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման խնդիրը։ Նա նաեւ խոստովանել է, որ եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ապա անմիջապես Ուկրաինայի ջրերից դուրս մոնիթորինգի կենտրոն եւ «անվտանգության գոտի» կստեղծեն։ Իր հերթին, Թրասն ասել է, որ եթե հացահատիկը չկարողանան հանել նավահանգիստներից, ապա լայնածավալ սովի վտանգ կառաջանա։

Հունիսի սկզբին ՄԱԿ-ը հայտարարել էր, որ չեն կարողանա ստուգել Ռուսաստանի կողմից հացահատիկի գողության մեջ Ուկրաինայի մեղադրանքները: Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի հնարավոր արտահանման մասին Կիեւի տեղեկատվությունը փոխանցվել է Պարենի համաշխարհային ծրագրի (World Food Program) ներկայացուցիչներին։ Նախօրեին Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկել են Ուկրաինայի նավահանգիստներից թուրքական առեւտրային նավերի անվտանգ ելքի եւ հացահատիկի անվտանգ արտահանման սցենարները։

news.am

Պիտակ