Հունիս 23, 2022 21:20 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է․

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռոսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որը տարածվել է Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան այցի կապակցությամբ։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանը դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման, Բաքվի և Երևանի միջև վստահության և լիարժեք համագործակցության վերականգնման առանցքային պայման։

 «Ռուսական ջանքերն ուղղված են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համանախագահում են փոխվարչապետերը, աշխատանք ենք տանում կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթը համաձայնեցնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա երկաթուղային և ավտոմոբիլային կապ ապահովել և խթանել տնտեսական կապերի վերականգնումը»,- նշված է փաստաթղթում։

 ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքը՝ նշելով, որ դելիմիտացիայի նպատակն է նպաստել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպեր տեղի չունենան, «միջպետական սահմանագծի դեմարկացիայի արդյունքում բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում անդրադարձ կա նաև «խաղաղության պայմանագրին»։

«Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի այդ բարդ, բայց չափազանց կարևոր գործընթացին՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար»,- նշված է փաստաթղթում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է նաև, որ Բաքվի և Երևանի միջև վստահության ամրապնդմանը նպաստում են նաև «հումանիտար ոլորտում շփումները»։

«Ռուսական կողմը կշարունակի աջակցել  քաղաքացիական հասարակության և փորձագետների շրջանակում երկխոսությանը՝ ուղղված հայ-ադբեջանական հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

aysor.am