ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարներն այրել են այդ երկրի դրոշը
ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարները մայրաքաղաք Վաշինգտոնում այրել են այդ երկրի դրոշը:
Ուրբաթ օրն ԱՄՆ գերագույն դատարանը ևս մեկ աննախադեպ քայլի դիմելով չեղյալ է հայտարարել 1973-ին «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով վճիռը՝ այդպիսով չեղարկելով աբորտի սահմանադրական իրավունքը: ԱՄՆ-ում այս քայլը դիտվում է որպես հանրապետականների ու պահպանողականների հաղթանակ, որոնք երկար ժամանակ ձգտել են վերացնել ԱՄՆ-ում աբորտների հասանելիությունը:

Աբորտների արգելքի մասին Գերագույն դատարանի որոշումը բազմահազարանոց ցույցեր է հարուցել երկրի տարբեր նահանգներում:
Հազարավոր ցուցարարներ Վաշինգտոնում հանրահավաքներ անցկացնելով և այրելով այդ երկրի դրոշը, բողոքել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականության և կանանց աբորտի իրավունքը ճանաչող օրենքի չեղարկման դեմ։
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը նախորդ ուրբաթ հրապարակած գրառման մեջ զգուշացրել էր, որ Գերագույն դատարանի որոշումը կարող է հանգեցնել բռնությունների: