Հունիս 27, 2022 15:23 Asia/Tehran
  • Սահմանին զորամասեր են բացվել, ժամանակակից զենք է բերվում. Ալիևը` ԶՈւ-ն ուժեղացնելու մասին

Հայաստանի հետ սահմանի երկայնքով նոր զորամասեր են ստեղծվել։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոմանդոսների զորամասի մարտական դրոշի հանձնման ժամանակ:

Արարողությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի օրը, Ալիևի՝ Շահումյանի (Քելբաջարի) շրջան կատարած այցի շրջանակում:

«Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու համար։ Ամենաժամանակակից զենքի գնման նոր պայմանագրեր են ստորագրվել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ պայմանագրերն արդեն կատարվում են, նոր սպառազինություն ու տեխնիկա է ներկրվում Ադրբեջան։

«Պատերազմին հաջորդած մեկուկես տարում մենք օրուգիշեր աշխատել ենք, որպեսզի ավելի հզորացնենք մեր բանակը, ապահովենք ավելի ժամանակակից սպառազինությամբ, զբաղեցնենք բոլոր շահավետ դիրքերը սահմանի երկայնքով, տեղակայվենք այնտեղ, և մենք հասել ենք դրան», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ «Ազերթաջին» տված հարցազրույցում խոսել է երկրի զինված ուժերի թվաքանակի ավելացման մասին:

«Ադրբեջանական բանակի կազմում ստեղծվել են օպերատիվ (կոմանդոսների) ստորաբաժանումներ և Պաշտպանության ազգային համալսարան։ Հատուկ նշանակության զորքերի ու ՌԾՈւ-ի օպտիմալացման հաշվին ավելացել է ուժերի ու միջոցների քանակը», - ասել է նա:

Հասանովը նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ալիևը հանձնարարել է ադրբեջանական բանակը նոր մակարդակի հասցնել, որպեսզի Թուրքիայի զինված ուժերի փոքր մոդելը դառնա:

armeniasputnik.am