Հունիս 27, 2022 15:43 Asia/Tehran
  • Սպասում ենք ամենակարճ ժամկետում Զանգեզուրի միջանցքի բացմանը. Չավուշօղլու

Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի եւ Ղազախստանի հետ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ Միջանցիկ տրանսպորտային միջանցքի զարգացման համատեղ քայլերի։

Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ղազախստանի արտաքին գործերի եւ տրանսպորտի նախարարների՝ երկուշաբթի Բաքվում տեղի ունեցած առաջին եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա, տեղեկացրել է Անատոլիական գործակալությունը։

«Կասպից ծովով բեռնափոխադրումները մեծ նշանակություն ունեն։ Մենք պատրաստ ենք այսուհետ եւս այդ միջանցքի նշանակալիության բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել։ Ներդրումների աճը տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում թույլ կտա բարձրացնել բարեկեցության մակարդակն ամբողջ տարածաշրջանում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Բաքվում եռակողմ հանդիպման մասնակիցներին տեղեկացվել է հարցի վերաբերյալ Անկարայի կոնկրետ նախաձեռնությունների մասին։

Թուրք նախարարի խոսքով՝ տարածաշրջանային գործընթացների համատեքստում Բաքվի, Անկարայի եւ Նուր Սուլթանի համագործակցությունը ձեռք է բերում հատուկ նշանակություն։ «Ճգնաժամերը եւ մարտահրավերները, անշուշտ, ուղեկցվում են նաեւ հնարավորություններով, որոնք մեր երկրները կարող են եւ պետք է օգտագործեն»,- նշել է  Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը։ Որպես օրինակ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել Սեւծովյան շրջանի հացահատիկային ճգնաժամի վրա։ «Անկարան սերտորեն փոխգործակցում է ՄԱԿ-ի հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով»,- փաստել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն նշել է, որ ճգնաժամը (Ուկրաինայի շուրջ) ընդգծել է անվտանգ եւ կայուն գործող տրանսպորտային միջանցքների առկայության նշանակությունը։ Ուստի, շատ կարեւոր է ներդրումներ անել ինչպես հայրենական ենթակառուցվածքում, այնպես էլ ընդլայնել տարածաշրջանի հնարավորությունները։

Նրա խոսքով՝ տրանսպորտի եւ էներգետիկ ոլորտներում տարածաշրջանային հաջող փոխգործակցության վառ օրինակ է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, ինչպես նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարների եւ Տրանսանատոլիական գազատարի (ԹԱՆԱՓ) էներգետիկ նախագծերը։

Նրա խոսքով՝ Անկարան պաշտպանում է նաեւ Զանգեզուրի միջանցքը բացելու գաղափարը, որը Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը (Ադրբեջան) կկապի Ադրբեջանի մնացած մասի հետ. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ  հարաբերությունների կարգավորմանը։ Սպասում ենք ամենակարճ ժամկետում Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը կապ կապահովի Ադրբեջանի արեւմտյան շրջանների միջեւ»։

news.am

 

Պիտակ