Հուլիս 04, 2022 18:56 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինն այս տարի շնորհավորական հեռագիր չի հղելու Վաշինգտոնին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի շնորհավորական հեռագիր չի հղելու Վաշինգտոնին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ, քանի որ այս տարին դարձել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԱՄՆ-ի ոչ բարեկամական քաղաքականության գագաթնակետը։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Ո՛չ, այս տարի շնորհավորական հեռագիր չի ուղարկվի: Սա պայմանավորված է նրանով, որ այս տարին, ըստ էության, ԱՄՆ-ի կողմից մեր երկրի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականության գագաթնակետն էր: Հետևաբար, իհարկե, այս պայմաններում հազիվ թե դա նպատակահարմար համարվի՝ նման շնորհավորական ուղերձ հղելը»,- ասել է Պեսկովը:

Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգների ժողովուրդը նշում է Անկախության օրը, որը համընկնում է 1776 թվականին բրիտանական տիրապետությունից Միացյալ Նահանգների ազատությունը հռչակող հռչակագրի ընդունման հետ: Հռչակագիրն ընդունվել է Կոնգրեսի կողմից 1776 թվականի հուլիսի 2-ին Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում։ Հուլիսի 4-ը համարվում է Միացյալ Նահանգների «ծննդյան օրը»։

armlur.am

Պիտակ