Օգոստոս 11, 2022 19:32 Asia/Tehran
  • Չի հակասում ՌԴ-ի հետ դաշնակցային գործակցությանը. ԱԳՆ-ն` Բաքու-ԵՄ համաձայնագրի մասին

Գազի ներկրման վերաբերյալ Բաքվի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը չի հակասում ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Խոսքը վերաբերում է էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին, որը Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է հուլիսի 18-ին։ Չենք կարծում, որ նմանօրինակ փաստաթուղթը հակասում է փետրվարի 22-ին ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին», - ասել է Նեչաևը։

Նրա խոսքով` ցանկացած պետություն իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինչպես և ում հետ զարգացնի հարաբերությունները, այդ թվում` նավթագազային ոլորտում։

Նեչաևը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը զգալի առաջընթաց է գրանցել սոցիալ-տնտեսական զարգացման առումով, ինչը պայմանավորված է նաև միջազգային ներդրողների կողմից Բաքվի նկատմամբ հետաքրքրությամբ։

armeniasputnik.am