Սեպտեմբեր 26, 2022 17:11 Asia/Tehran

ՌԴ Քննչական կոմիտեն իր Telegram-ալիքում կադրեր է ցուցադրել Իժևսկի դպրոցում 15 մարդու սպանությունից հետո ինքնասպան եղած հանցագործի մասնակցությամբ: Եվս 14 երեխա վիրավորվել է։

ՌԴ ՔԿ-ի 10 վայրկյան տևողությամբ կարճ տեսահոլովակում ցուցադրվում է հրաձիգի մարմինը. նա սև է հագնված, վերնազգեստի վրա կարմիր գույնով նացիստական սվաստիկա է պատկերված:

Իժևսկում դպրոցի վրա հարձակված անձի մարմնի մոտ հայտնաբերվել են երկու տրավմատիկ ատրճանակներ, որոնք փոփոխվել են մարտական փամփուշտներով կրակելու համար, ինչպես նաև դատարկ ու փամփուշտներով լի պահունակներ՝ «Ատելություն» գրությամբ:

 

Նշվում է, որ թիվ 88 դպրոցում կրակոցների ձայների մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել Ռոսգվարդիայի ութ խումբ, ինչպես նաև Ուդմուրտիայի Ռոսգվարդիայի վարչության ՕՄՕՆ-ի ու արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցները: Ուժայինները կազմակերպել են շրջափակումը ու ձեռնամուխ են եղել հարձակվողի ու նրա հնարավոր հանցակիցների որոնմանն ու ձերբակալմանը ՝ հերթականությամբ զննելով դպրոցի հարկերը:

Քննիչներն արդեն պարզել են հարձակվողի ինքնությունը. նա Իժևսկի բնակիչ, նույն դպրոցի շրջանավարտ, 34-ամյա Արտյոմ Կազանցևն է։ Այս պահին նրա բնակության վայրում խուզարկություն է ընթանում, ուսումնասիրվում են նրա շրջապատն ու հայացքները, ճշտվում է նրա նվիրվածությունը նեոֆաշիստական հայացքներին ու նացիստական գաղափարախոսությանը։

Սեպտեմբերի 26-ին անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի թիվ 88 դպրոցում, որից հետո ինքնասպան է եղել: Վերջին տվյալներով՝ հանցագործության զոհ է դարձել 15 մարդ, այդ թվում՝ չորս մեծահասակ, ինչպես նաև 11 անչափահաս, վիրավորվել է 14 երեխա ու յոթ մեծահասակ: Սեպտեմբերի 26-29-ը Ուդմուրտիայում սուգ է հայտարարվել:

armeniasputnik.am