Հոկտեմբեր 01, 2022 13:21 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ին անդամակցելու ուկրաինական հայտն անակնկալ է եղել ԱՄՆ-ի համար. ԶԼՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` ՆԱՏՕ–ին արագացված անդամակցության հայտ ներկայացնելու որոշումն անակնկալ է եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Պոլիտիկո» թերթին:

Պարբերականի զրուցակիցների խոսքով` Վաշինգտոնում դեռ հակասական են վերաբերվում Ուկրաինայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին. պատճառներից մեկն այն է, որ եթե ՆԱՏՕ–ի որևէ երկիր հարձակման ենթարկվի, պաշտպանությանը պետք է ներգրավվեն նաև ամերիկյան զինվորականները։

«Ուկրաինան ձգտում էր անվտանգության այդ երաշխիքներին, մինչդեռ ԱՄՆ-ում շատերը մտահոգված էին Ռուսաստանի հետ պատերազմի հեռանկարով», - նշում է պարբերականը:

Զելենսկին սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ Կիևը, ի պատասխան ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի` Ռուսաստանին միանալու որոշմանը, ՆԱՏՕ-ին արագացված կարգով անդամակցելու հայտ է ներկայացրել:

Թերթը գրում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք կողմնակիցներ ավելի վաղ փորձել են համոզել Ուկրաինային, որ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից՝ ասելով, որ դա թույլ կտա վերացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում աճող լարվածությունը: Զելենսկու որոշումը միանշանակ չի ընդունվել մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների և Սպիտակ տան ներկայացուցիչների կողմից:

Բացի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանից, որը հայտարարել է, թե հիմա Ուկրաինային ՆԱՏՕ–ի կազմում ընդգրկելու ժամանակը չէ, այս հարցում Կիևին աջակցելու վերաբերյալ հարցից խուսափել է նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«Խոսնակ Նենսի Փելոսին հրաժարվեց վճռականորեն աջակցել դրան, սակայն հայտարարեց Կիևի համար «անվտանգության երաշխիքների» պահպանման մասին», - գրում է պարբերականը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ընդունել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ իր ուղին որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ջանքերը կենտրոնացնելու է Կիևին ինքնապաշտպանելու հարցում օգնություն ցուցաբերելու վրա:

Պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ այս փուլում չի դիտարկվում Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը ՆԱՏՕ–ին։ Ընդ որում` ԱՄՆ-ում ընդգծել են, որ դաշինքը երբեք չի հրաժարվի «բաց դռների» քաղաքականությունից, և չեն բացառել, որ ապագայում Կիևը կկարողանա միանալ կազմակերպությանը:

armeniasputnik.am

Պիտակ