Հոկտեմբեր 05, 2022 19:27 Asia/Tehran
  • Հակամարտություն չէր լինի, եթե Ուկրաինան ու Արևմուտքը չփորձեին պատռել պատմությունը. Պուտին

Ուկրաինայում հակամարտություն չէր լինի, եթե չլինեին Ուկրաինայի և Արևմուտքի` պատմությունը պատռելու փորձերը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Գուցե այսօրվա հակամարտությունը չլիներ, եթե չլինեին Ուկրաինայում ու Արևմուտքում որոշ ուժերի կողմից պատմությունը փոփոխելու և մասնատելու փորձերը», - ասել է ՌԴ նախագահը «Տարվա ուսուցիչ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիրների և եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը նշել է, որ նեոնացիզմի գաղափարներն ամենուր կան, բայց ոչ մի երկիր չի փառաբանում այն, բացի Ուկրաինայից, որը նեոնացիստներին ազգային հերոսների շարքն է դասում։

«Այո՛, դա ամբողջ աշխարհում հավանաբար կա, բայց ես չգիտեմ այլ երկիր, բացի այսօրվա Ուկրաինայից, որտեղ նրանց դասում են ազգային հերոսների շարքը։ Այո, և Փարիզում դա կա, գուցե Մոսկվայում էլ ինչ-որ նեոնացիստներ կան ինչ-որ տեղ թաքնված, բայց մենք նրանց հետապնդում ենք, մենք պայքարում ենք դրա դեմ», - ավելացրել է նա։

Իսկ Ուկրաինայի դեպքում, ՌԴ նախագահի խոսքով, նրանց մեծարում են, պատվո հարթակին են բարձրացնում, թույլ են տալիս բազմահազարանոց ջահերով երթեր անցկացնել խոշորագույն քաղաքների կենտրոնում:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 223-րդ օրը։

armeniasputnik.am

Պիտակ